Լաս Վեգասում ՀՀ պատվո հյուպատոս. Տուժածների ցուցակը դեռեւս պատրաստ չէ
2017-10-03 18:49:00

Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով տուժածների ինքնությունը դեռեւս հայտնի չէ: Այդ մասին «Արեւելքին» տեղեկացրին Լաս Վեգասում ՀՀ հյուպատոսությունից, նշելով, որ ՀՀ պատվո հյուպատոս Էնդի-Ատրուշան Արմենյանն անձամբ է այցելել Զոհերի կենտրոն, հանդիպել ոստիկանների հետ, սակայն զոհերի եւ վիրավորների անվանացանկը դեռ չի տրամադրվել:

Ինչպես տեղեկացանք, ոստիկանությունը հայտնել է, որ մի քանի օրից  միայն զոհերի եւ վիրավորների մասին  ամբողջական ցուցակը պատրաստ կլինի, եւ Լաս Վեգասում Հայաստանի հյուպատոսությունը հանդես կգա նրանց մեջ հայերի առկայության մասին հայտարարությամբ: 

ՀՀ պատվո հյուպատոսը հանդես է եկել հայտարարությամբ, որի մեջ նշված է. «Մինչեւ ցուցակի պատրաստ լինելը, ովքեր ցանկանում են դեպքից հետո անհետացածների մասին տեղեկություն ստանալ, կարող են այցելել Զոհերի կենտրոն, գրանցվել եւ սպասել պատասխանի: Զոհերի կենտրոնը գործում է  Swenson Street  եւ Sierra Vista Drive փողոցների վրա: Հետաքրքրվողները կարող են կապ հաստատել նաեւ ՀՀ հյուպատոսության հետ: Հյուպատոսությունը պատրաստ է բոլոր միջոցներով աջակցել նրանց: Մեր խորին ցավակցություններ ենք հայտնում այս անհեթեթ ողբերգությանը զոհ գնացած  անմեղ զոհերի ընտանիքներին»,-նշված է ՀՀ պատվո հյուպատոս Էնդի-Ատրուշան Արմենյանի հաղորդագրության մեջ: 

 Հիշեցնենք, որ հրաձգությունը տեղի է ունեցել երաժշտական փառատոնի ընթացքում՝ Լաս Վեգասի օդանավակայանի եւ Mandalay Bay հյուրանոց-խաղատան միջև հատվածում:

Զոհվել է 58 մարդ, 150-ը գտնվում են ծանր վիճակում:

Ոստիկանության տվյալներով՝ հրաձգությունը կատարվել է 64-ամյա Սթիվեն Պեդոկի կողմից. վերջինս ինքնասպանություն գործել՝ ոստիկանության աշխատակիցների ժամանելուց առաջ:

Այս նյութը դիտել են - 7568 անգամ