Հանդիպում, որտեղ հայկական շնչով սփյուռք կար, արցախական բույր
2017-09-29 13:07:00

Ուսուցչուհուս գրքերի շնորհանդեսի արձագանքը որքան զարմանալի, նույնքան հաճելի էր, որ անգամ Արցախի հեռուստատեսությամբ հայտարարվեց Մարտակերտում կայանալիք շնորհանդեսի մասին: Մուտքն ազատ էր բոլորի համար, որ կազմակերպվեց մշակույթի և երիտասարդության կենտրոնում սեպտեմբերի 28-ին:
Միջոցառումն ավելի մեծ հետաքրքրությունների առիթ տվեց, որ միանգամից երկու գիրք է լույս ընծայվել՝ «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին»՝ նվիրված Լևոն Ադյանի գեղարվեստական արձակին՝ ի հիշատակ նրա կյանքից անժամանակ հեռացած որդիներին, և «Մանկավարժի օրագիր»՝ ուսուցչուհի դստերս նվիրված, որի առանցքում իմ մանկավարժական գործունեության տարեգրությունն է՝ Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի ուսումնական կյանքը՝ սահմանամերձ բնակավայրի անհանգիստ ապրումներով:
Շնորհանդեսին մեծագույն շուք տվեցին սեպտեմբերի 27-ին Պետերբուրգից Մարտակերտ ժամանած մեր հայրենակից արձակագիր Լևոն Ադյանը, նրա տիկին Էլմիրա Ադյանը և Լոս Անջելեսից՝ այն հեռավոր ամերիկյան քաղաքից, մեզ այցելած բանաստեղծուհի Նելլի Ավակովա Գրիգորյանը:
Ֆեյսբուքյան տարածքում հաստատված ընկերությունը գրողի ու բանաստեղծուհու հետ կարծես եռամիասնություն էր ստեղծել ուսուցչուհուս համար և կարճ ժամանակում այն պիտի դառնար ավելի մտերմական՝ ամրագրված անցած տարվա մեր առաջին հանդիպման տպավորություններով: Այս նոր հանդիպումն իմ ընտանիքի և օտար ափերից եկած հյուրերի հետ բարեկամական էր, հարազատական, որտեղ հայկական շնչով սփյուռք կար, արցախական բույր և այն հեռուներում կարոտով ապրող հայություն:
Այս օրերին դպրոցականների հետաքրքրասեր հայացքներում Լևոն Ադյան գրողն էր, նրա տիկինը, ովքեր մեծագույն վիշտ ունեն իրենց հոգում, և ահա այնքան տարածություն հաղթահարելով՝ եկել են մասնակցելու այդ գրքերի շնորհանդեսին: Աշակերտների՝ ինձ ուղղված հարցումներում նրանց զավակներն են՝ Մհեր և Զորայր Ադյանները, որոնց հանդեպ վշտամորմոք կսկիծ կա, իսկ նրանց ծնողների հանդեպ՝ խոնարհում:
Դեռահաս հարցասերների զրույցներում այն հեռավոր Ամերիկայում ապրող հայուհին է...Արցախ այցելելու մեծագույն կարոտով ու ցանկությամբ այս օրերին նորից մեր կողքին է բանաստեղծուհի, նաև՝ թարգմանչուհի Նելլի Ավակովան, ով վաղուց բարեկամության մի գեղեցիկ կամուրջ էր գցել Ադյանների հետ՝ միշտ էլ բարձր գնահատելով արձակագրի վարպետությունը բառ ստեղծելու և արարելու գրողական իր ուրույն արվեստով:
Միջոցառման սկիզբը թախծախառն էր, հուզումնալից: Արտասվախառն մայրական մորմոք կար այնտեղ, որդեկորույս հայր՝ հայացքները հառած իրենց որդիների նկարներին ու բեմ բարձրացած ուսուցչուհուս և աշակերտների տխրամած խոսքերին: Բայց նրանց հոգում հպարտության զգացում կար, նաև բերկրալից ապրումներ ուսուցչուհուս հանդեպ, որ հիշատակի մի նոր էջ էր բացել, հիշողության արթնացում՝ որպես սփոփանք Լևոն և Էլմիրա Ադյաններին:
Նատաշա Պողոսյան
/Շարունակելի/
Այս նյութը դիտել են - 10914 անգամ