Իրականության և երազանքների հանդիպման վայր է «Մանկավարժի օրագիրը»
2017-09-17 21:32:00
Գրքեր նվիրեցի 12-րդ դասարանի աշակերտներին, նաև գիտեի, որ սրտատրոփ սպասում են այդ գրքին, որտեղ իրենք էլ կերպավորված են իմ օրագրային գրառումներում: Այդ օրը նաև բացակայող աշակերտներ կային, ու իմ նվիրումը, որ գրչի մի քանի տողերով ուղղվում էր նրանց, ուղեկցվում էր նրանցից յուրաքանչյուրի կարծիքով, ոգևորությամբ, ուսուցչուհուս ուղղված որոշ հարցումներով, բավականության արտահայտությամբ, երբեմն ափսոսանքով, այդ գիրքը թերթելով, միմյանց ուղղված հիշողության արթնացումով:
Այդ գրքում բոլորն էլ հավասար են, չեն կարևորվում նրանց ընդունակությունները, անգամ խոսքը, որ ուղեկցվել է մեկ նախադասությամբ, այն մտել է այդ գիրքը, որ հիշողություն դառնա, դեռահասի այդ օրվա ապրում, որ երբեմն դժվարացել է իր միտքը գրավոր շարադրել, բայց բարձրաձայն ասված մի նախադասությունն էլ երբեմն ցնցել է ինձ, ու մատներիս անհանգիստ շարժումներով շարել եմ տողերը, որ դարձել է ուսուցչուհու և աշակերտի հույզերի արտահայտություն, անհանգիստ ապրած օրվա շաղախ, որպեսզի մնա գալիքին սերնդափոխության ճանապարհին:
Ես հայացքով փնտրում եմ նրան՝ Քրիստինե Մարդոյանին, որ այդ օրը չէր եկել դպրոց, բայց մտքերով նրա հետ եմ, իսկ նրա գրած տողերը՝ իմ հոգում. «Դա հետաքրքիր ու յուրատեսակ մանկավարժի մի օրագիր է, կարծես արձակի ու չափածոյի մի ուրույն դաշնություն, բայց սրտահույզ տողեր ու խոհեր մարդու, նրա ապրած կյանքի, ներաշխարհի ալեվետումների, կորցրածի ու գտածի, անցավորի ու հավերժականի մասին: Գրքի կերպարները նրբին հույզերից հյուսված ներաշխարհ ունեն, ինքնատիպ կամային որակներ, գեղեցիկի զգացողություն: Նրանք փորձում են ազատություն տալ հոգու զսպված ապրումներին, ներկայացնել երազայինը, աշխարհաճանաչման իրենց կերպարը:
Ուրախության ու ցավի, ապրած ու չապրած օրերի, հասկացված ու խաթարված հարաբերությունների, անկատար հույսերի ու ապրումների, իրականության և երազանքների հանդիպման վայր է «Մանկավարժի օրագիրը»:
Շնորհակալ եմ Ձեզ, տիկի՛ն Պողոսյան, ինձ նույնպես այս գրքի կերպար դարձնելու համար: Վստահ եմ, որ Ձեր այսքան ջանքերն ու չարչարմունքը մեծ հետաքրքրություն կառաջացնեն հասարակության լայն շրջանակներում»:
Այս օրերին տեսնում եմ, որ գիրքն ունենալու մեծագույն ցանկություն ունեն շատերը, հեռախոսային զանգերն անգամ երբեմն հիշեցնում են ինձ մարդկանց, որոնց վաղուց չեմ տեսել, բայց գրքի նկատմամբ ունեցած հետաքրքրությունն իսկ հաստատում է իմ աշակերտուհու վստահորեն ասած խոսքը, որ իզուր չեն անցել գիրք ստեղծելու ճանապարհին իմ ջանքերն ու չարչարմունքը, երբ «Մանկավարժի օրագիրը» ընթերցողներ ունի:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 14122 անգամ