Ֆլորիդայի հայ համայնքը անվնաս է Amerikayidzayn
2017-09-12 21:25:00
«Եկեղեցին, փառք Աստծո, կանգուն է իր խաչով», - հայր Վարդան Ջուլֆայանը Ֆլորիդայի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվն է: Անցած Իրմա ծովամրրիկին հայր Վարդանը շատերի նման պատսպարվել էր տանը, ընտանիքի՝ կնոջ եւ երեխայի հետ միասին:

Նախնական տվյալներով ծովամրրիկը լուրջ վնասներ է պատճառել, խլելով 12 մարդու կյանք: Ֆլորիդայի հարավ-արեւելյան ափում, որտեղ գտնվում է եկեղեցին, ավերածությունները լուրջ չեն՝ ընկած ծառեր, վնասված ավտոմեքենաներ եւ ապակիներ: Հայր Վարդանն արդեն խոսել է տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ.

«Ամեն մարդ, փառք Աստծո, ապահով է, այնպես որ իրապես մեր աղոթքը շարունակում ենք առ Աստված, որ մարդիկ վնասներ կրած չլինեն, ամեն մարդ ապահով լինի»:

Վարդան Ջուլֆայանի խոսքով, փոթորիկը շարունակվեց շաբաթ երեկոյից մինչեւ կիրակի գիշեր: Չնայած կանխատեսումների, Իրմա ծովամրրիկի պատճառած վնասները շատ ավելի քիչ էին՝ ու թեեւ գրանցված են մարդկային զոհեր, լայնածավալ աղետից հնարավոր եղավ խուսափել:

Թեթեւ վնասներ կան նաեւ Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու շրջանում, չնայած ինքը եկեղեցին կարծես թե չի տուժել, պատմում է հայր Վարդանը՝ ցույց տալով եկեղեցին.

«Սա մեր եկեղեցին է, գմբեթը, խաչը կանգուն են, եկեղեցին կանգուն է»:

«Շատ ծառեր շրջվել են: Այդ ուղղությամբ որոշ աշխատանքներ պետք է կատարենք: Ինչպես Միքայելս էր ասում՝ պապա՛, նոր ծառե՞ր պիտի տնկենք սրանց փոխարեն, ասացի, անշուշտ, կտնկենք, կհավաքենք եւ մեր եկեղեցու շուրջը դարձյալ կփորձենք գեղեցկացնել»:

Այս կիրակի տեղի հայ համայնքը հավաքվելու է Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում նշելու Խաչի տոնը՝ Խաչվերացը, ինչպես նաեւ միասնական ուժերով բարեկարգելու եկեղեցու տարածքը:

Այս նյութը դիտել են - 11353 անգամ