Ո՞վ կլինի հայկական նոր ավիափոխադրողը
2016-01-23 09:57:00

Մի քանի ընկերություններ դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ ավիափոխադրումների հավաստագիր ստանալու նպատակով: Նախարարության քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ վաղ է խոսել հայկական ավիաշուկայում նոր չվերթների և նոր ուղղությունների մասին, ընկերությունների հայտերը դեռ պետք է քննարկվեն խորհրդի նիստում, որից հետո որոշում կկայացվի:

Նշենք, որ թռիչքների իրականացման թույլտվություն ստանալու համար նախարարությանը դիմած ընկերությունների թվում է «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ն, որը բլորովին վերջերս՝ 2015թ. դեկտեմբերի 18-ին է գրանցվել Հայաստանում: Հիմնադիրներն են ՀՀ քաղաքացի Աշոտ Թորոսյանը և Վրաստանի քաղաքացի Ռոբերտ Օգանեսյանը:

Վերջինս նաև ընկերության գլխավոր տնօրենն է: Aravot.am-ին նա ասել է, որ «99%-ով «Արմենիա» ընկերությունն աշխատում է արդեն, մի քանի հարցեր են մնացել լուծելու» և հույս է հայտնել, որ ամեն ինչ լավ կլինի, շարժվելու են ըստ բիզնես պլանի: Մինչ այս Ռ. Օգանեսյանը վրացական «Airzena» ավիաընկերության գործադիր տնօրենի նախկին տեղակալն էր: Ըստ վրացական «Կոմերսանտ»-ի՝ «Airzena»-ն վերջին շրջանում լուրջ  խնդիրներ է ունեցել Վրաստանի ավիաոլորտում և դադարեցրել է եվրոպական ուղղություններով թռիչքները:

Այս նյութը դիտել են - 1405 անգամ