«Ես մի 7-8 հոգի գիտեմ, որ մահացել են տեսախցիկների պարտքերի պատճառով. դա բիզնես-ցեղասպանություն է». Տիգրան Հովհաննիսյան Hayeli
2017-09-06 03:20:00
«Հայելի»-ին գրում է. 
«Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» հկ նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հարցումներ են սկսել անել վարորդների շրջանում, ըստ որի վարորդները, մեծամասամբ, բողոքել են, բոլորը բոլորին անիծում են, գոռում են, բոլորը դժգոհում են վարորդների որակից։
Ըստ նրա՝ այս վիճակը սկսվել է 2012 թվականից. «Պատճառները երկուսն են՝ առաջին, երբ տեսախցիկների ներդրումը պարզապես ծառայեց վարորդներին տուգանելուն, թեև դրանք շատ կարևոր բաներ են։ Այդ պայքարը, այդ տառապանքը, որը ես բիզնես-ցեղասպանություն եմ անվանում, ազդել է ժողովրդի վրա. 7-8 հոգի գիտեմ, որ մահացել են տեսախցիկների պարտքերի պատճառով։ Դա ատելություն սերմանեց պետություն-հասարակություն-վարորդ հարաբերություններում: Ես նոր ՃՈ-ից խնդրում էի զոհերի քանակը, չեմ կարողացել ստանալ, ասում են՝ տարվա վերջում կհրապարակենք։ Ես վստահ եմ, որ մեր տվյալները Ոստիկանության կողմից նվազեցվում են։ Այս տարի ավելի հակված եմ ասել, որ մենք վթարների տեղով աշխարհում առաջին տեղում ենք գտնվում։ Մենք երթևեկել չգիտե՞նք»։
Հկ նախագահի խոսքով՝ երկրորդ պատճառը վարորդական վկայականներն են, որոնց 80 տոկոսն ուղղակի վաճառվում է. «Աճուրդի պես տարածված են վարորդական իրավունքի գները՝ 90-150 հազար դրամ։ Ապշում եմ, որ ասում եմ՝ հարգելի քաղաքացիներ, կաշառք տվողն էլ է հանցագործ, բայց նրանք ասում են՝ մաղարիչ են անում, կաշառք չէ»։
Լրագրողներից մեկի հարցին՝ թե ինչ կարծիք ունի Ոստիկանության հրապարակած տեսանյութի մասին, ասաց, որ տեսանյութը չի տեսել, քանի որ Վրաստանում է եղել։
«Ես չգիտեմ՝ այդ կինն ինչ իրավիճակում է եղել, կամ ոստիկաններն ինչու չեն զիջել։ Պարոն Գասպարյանը պետք է հասկանա, որ համակարգը փտում է։ Տեսուչները մեղավոր չեն։ Նույն վարորդի վրա ոնց է պլան դրված, այդպես էլ տեսուչների վրա է դրված»։
Այս նյութը դիտել են - 7073 անգամ