Անկախություն, որ բոլորիս ազատ ու խաղաղ ապրելու երազանքն է
2017-09-02 17:09:00
Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության անկախության օրն է: 26 տարի առաջ այս օրն արցախահայությունը հռչակվեց իր անկախ պետականությունը: Այս տարիների ընթացքում Արցախը կայացավ որպես ամուր, ազատ ու ժողովրդավարական պետություն: Պատերազմի միջով անցանք, կրակների և ավերակների միջով, բռնագաղթ տեսանք, օտար ափեր, բայց կարողացանք նորից արարել, բարձրանալ և աշխարհին ներկայանալ մեր հերոսական բանակով, պետական հաստատություններով, տնտեսական լուրջ առաջընթացով, կրթական ու մշակութային օրինակելի օջախներով, մեր կազմակերպված հասարակությամբ:
Չնայած աշխարհը չի ուզում ճանաչել մեր անկախությունը, բայց այս տարիների ընթացքում մեր ժողովուրդն ինքն է տնօրինում իր սեփական ճակատագիրը՝ ինքնուրույն, ազատ, անկախ, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն կառուցելու ճանապարհին: Համամարդկային արժեքներ կան այստեղ, ժողովրդի երկար տարիների քրտնաջան աշխատանք, մեր քաջ զավակների անձնվեր ծառայություն, որոնք գալիս են հաստատելու, որ մենք ի վիճակի ենք սեփական ուժերով կառուցելու, շենացնելու ու պաշտպանելու մեր հայրենի օջախը, մեր անկախ պետականությունը:
Ամեն տարի այս օրը հուշարձան ենք այցելում, ծաղիկներ խոնարհում Արցախի ազատության համար ընկածների հիշատակին, ամեն անգամ այս փառավոր օրը երախտագիտությամբ հիշում ենք կենդանի լեգենդների անցած ճանապարհը, ամեն անգամ ավելի ենք հաստատակամ դառնում Արցախի խնդրի ռազմական լուծման անհնարինության հարցում: Ամեն անգամ մենք համոզվում ենք, որ Արցախը Մայր Հայսատանի ու Սփյուռքի միջոցով կկարողանա ապրել, նրանց միջոցով կկարողանա կյանքի կոչել բազմաթիվ ռազմավարական ծրագրեր, որոնք կօգնեն նրան դիմադրելու թշնամու արկածախնդրություններին:
Յուրաքանչյուրիս համար գերխնդիր է դառնում այս երկիրը պահելու, այս հողը սիրելու մեր նախնիներից եկած ավանդույթը, իսկ այն սկսվում է խրամատից, սահմանը պահող զինվորից, նահատակների հիշատակով, այն բոլոր հայորդիներով, ովքեր անցել են այդ հերոսական ճանապարհը և այսօր էլ շարունակում են արարել հայոց հողում: Այս հայրենիքը պահպանվում է որդեկորույս մայրերի համառ կամքով, մեր այստեղ ապրելով, այն բոլոր ձեռքբերումներով, որ ի ցույց ենք դնում աշխարհին:
Անկախության տոն, որ ինքնին այս հողի նվիրյալների թարմ հիշատակն է, մեր կողքին ապրողների անցած մարտական ճանապարհը, մեր ոգեղեն ապրելու կամքը, թշնամու սադրանքներին դիմակալելու համառությունը, մեր ազատությունը, մեր ստեղծագործ կյանքը՝ սահմանից եկող կրակոցների արձագանքների տակ, որ օր օրի կոփում է մեզ, դարձնում անկոտրում ու հաստատակամ:
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնը, որ այս հողում մեր ազատ ապրելու իրավունքն է, մեր անցյալի հիշողությունը, մեր ներկան ու գալիքը, մեր լուսավոր ու խաղաղ կյանքի լավագույն երազանքը:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 10848 անգամ