Երեկ «Հրապարակը» երկու հաղթանակ տարավ Hraparak
2017-09-02 03:52:00

Երեկ ավարտվեց «Հրապարակի» դեմ հերթական դատավարությունը՝ թերթի հաղթանակով։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց «Կոտայքի մարզի դատավոր Աշոտ Խաչիկյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» գործով վճիռը: Հիշեցնենք, որ դատավորն օրաթերթին դատի էր տվել «Շուտ հրաժարական տամ, որ բարձր թոշակ ստանամ» հոդվածի համար՝ պահանջելով թերթից հերքել հրապարակած տեղեկությունները եւ բռնագանձել 500 հազար դրամ՝ որպես պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին հասցված վնաս: Երեկ հրապարակված վճռով դատավորի հայցն ամբողջությամբ մերժվեց անհիմն լինելու պատճառաբանությամբ, միեւնույն ժամանակ դատավոր Աշոտ Խաչիկյանից, հօգուտ «Հրապարակ» օրաթերթի, կբռնագանձվի 100 հազար դրամ՝ որպես փաստաբանական ծախսերի փոխհատուցում:

«Հրապարակի» շահերը դատարանում ներկայացնում էր փաստաբան Հարություն Հարությունյանը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ հայցի մերժումը կանխատեսելի էր, քանի որ դատավոր Ռուբեն Ափինյանն ի սկզբանե անկողմնակալ քննություն անցկացրեց, չնայած հայցվոր կողմն իր գործընկեր դատավորներից է: «Նախ՝ անցել էր օրենքով սահմանված հայցային վաղեմության մեկամսյա ժամկետը, որն արդեն իսկ բավարար էր հայցն ամբողջությամբ մերժելու համար, բացի այդ՝ հրապարակված տեղեկություններն իրենց բովանդակությամբ եւ էությամբ չէին պարունակում վիրավորանքի կամ զրպարտության որեւէ հատկանիշ»,- նշեց փաստաբանը:

Երկրորդ հաղթանակը եւս դատական որոշման տեսքով է՝ երեկ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց լրագրող Վահե Մակարյանի բողոքն ընդդեմ Հատուկ քննչական ծառայության, որը որոշել էր, որ լրագրողին հարվածներ հասցրած պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի արարքում հանցակազմ չկա, ու կարճել էր հարուցված քրեական գործը։ Լրագրողը դիմել էր դատարան՝ բողոքարկելով ՀՔԾ որոշումը։ Առաջին ատյանի դատարանը մերժել էր Մակարյանի հայցը, իսկ վերաքննիչ դատարանը, ի զարմանս մեզ, բավարարեց այն՝ հաստատելով, որ տեղի է ունեցել լրագրողի իրավունքների խախտում, որը պետք է վերացվի։ Ինչը նշանակում է, որ Հատուկ քննչական ծառայությունը պարտավոր է հարուցել քրեական գործ եւ այն ավարտին հասցնել։ Ի դեպ, սա դեռ երաշխիք չէ, որ ձեռքերին ազատություն տված նախկին պատգամավորը կպատժվի։

Մենք նմանատիպ մի փորձ ունեցել ենք անցյալում, երբ դատարանը հանձնարարեց դատախազությանը վերացնել Մարգարիտա Խաչատրյանի՝ Մառոզի դեմ կարճված քրեական գործը եւ քննել նրա արարքը, որի մեջ ակնհայտ էին խուլիգանության տարրեր, սակայն ոստիկանությունն ու դատախազությունը երկրորդ անգամ էլ նույն ապօրինությունը թույլ տվեցին՝ արհամարհելով դատարանի որոշումը։

 hraparak.am

Այս նյութը դիտել են - 11225 անգամ