Ինչու՞ թաքցնել մտահոգություն, երբ միշտ եղել է ու կա ամենուր
2017-08-29 00:35:00
 
 Երբևէ չեմ խուսափում բարձրաձայնել հարցեր, որ մեր շրջապատում առկա են, մտահոգվում եմ նաև իմ կողքին ապրող մարդկանցով, ովքեր խնդիրներ ունեն: Հետաքրքրություններիս շրջանակը հիմնականում իմ դպրոցն է, այնտեղ դասավանդող ուսուցիչը, ուսում և դաստիարակություն ստացող դպրոցականը, մանկավարժիս անհանգիստ հոգու մտորումներն են, սահմանամերձ բնակավայրիս ապրումները, որ միախառնվում են մեր դասերին ու դառնում այստեղ ապրողներիս համար ընդհանրական հարց:
Վերջերս իմ բարձրացրած մտահոգությունը, որ Արցախում աշխատատեղի սղություն կա, ու միշտ չէ, որ մարդը կարողանում է ապահովված զգալ իրեն աշխատանքով, որը նրա գոյության իմաստն է, դարձավ թեմա, որի մասին գրված նյութը ստիպված էի հեռացնել իմ էջից: Նկատի ունենալով առանձին անհատի՝ ես բարձրացրել էի ընդհանրական թեմա, որ շատերիս մտահոգությունն է: Գուցե և պետք չէր որևէ անձի օրինակով բարձրաձայնել այդ հարցը, բայց, կարծում եմ, այդտեղ վատ մտադրություն չկար, երբ խոսքը վերաբերում է բոլոր այն մարդկանց, ովքեր ամուր կառչած են Արցախի հողին, բայց, ցավոք, շատերի համար մեծագույն մտահոգություն է, որ աշխատատեղ չլինելու պատճառով ցանկացած ոք մնում է անգործության մատնված կամ ստիպված է լինում մեկ ուրիշ տեղ աշխատել:
Այստեղ խնդիրն այն չէ, թե մարդ արարածը, անգործության մատնվելով, կկարողանա՞ ապրել...Այո՛, հնարավոր է, որ նա կարողանա ավելի լավ ապրել, եթե կողքից այլ եկամուտ ունի, բայց այստեղ կա մեկ այլ հարց. ինչու՞ բարձրագույն կրթություն ստացած անձն անգործության մատնվի...
Մանկավարժս երբևէ չեմ թաքցնում, որ 1982-ին բարձրագույնը գերազանց ավարտելուց հետո չկարողացա մտնել Մարտակերտի հ. 1 դպրոցը, որտեղ սովորում էին մոտ 1700 աշակերտ, դասավանդում 120-ից ավելի ուսուցիչներ: Միայն հետպատերազմյան տարիներից՝ 1996-ից, սկսեցի դասավանդել այդ դպրոցում, որտեղ առայսօր էլ աշխատում եմ: Երբ կրթության բաժնի վարիչներից մեկին տարիներ առաջ հարցրի, թե ի՞նչն էր պատճառը, որ իմ մասնագիտությամբ խորհրդային տարիներին աշխատանքի չընդունվեցի՝ անգամ նվազագույն դասաժամով, նա շատ կտրուկ բացատրեց: Պարզվեց՝ եթե դպրոց մտնեի, կարող էի մինչև մի երկու տարի աչքի զարնվեի ու արժանանայի անգամ վաստակավորի կոչման, բայց այնտեղ ինձ չցանկացողներ կային, և նրանք դեմ էին, որ ես դպրոց մտնեի:
Ահա և պատասխան...Այն դեպքում, երբ այդ դպրոցում բարձրագույնն ավարտած ուսուցիչների կողքին միջին մասնագիտական կրթությամբ դասավանդողներ կային, իսկ ես բարձրագույնի կարմիր դիպլոմով աշխատանք էի փնտրում:
Ինչու՞ թաքցնեմ, երբ խորհրդային տարիներին մեր ընտանիքում միշտ էլ աշխատանք ունենալու մտահոգությունն առկա էր: Չորս երեխաների ունեցող հայրս իրականացրեց իր երազանքը և Երևանում ընդունվեց բարձրագույն ուսումնական հաստատություն: Դյուրին չէր այն ճանապարհը, որ անցավ նա իր ուսանողական տարիներին, ու մենք՝ երեխաներս էլ անցանք այդ ճանապարհը մեծագույն դժվարություններով, երբ մեր ընտանիքի միակ աշխատողը մայրս էր՝ մանկապարտեզի իր նվազագույն աշխատավարձով: Առավել ցավալին բարձրագույնն ավարտած հորս աշխատանքի չընդունելն էր: Հայաստանում կրթություն ստացած մարդուն աշխատանքի ընդունելն Արցախի մեր տեղական իշխանությունների կողմից մերժված էր: Ու տարիներ անց նա ստիպված եղավ մեկնելու հեռուները՝ արտագնա աշխատանքի...
Ես երբևէ չեմ թաքցնում մտահոգություն, երբ առկա է շրջապատում, գրած տողերս միշտ էլ իմ տեսածի ու լսածի ճշմարիտ արձագանքներն են, հորինված չեն իմ կերպարները, այլ՝ իրական, նաև՝ ճշմարտությունից խուսափողները տեղ չունեն իմ նյութերում: Սրանք շատ պարզ ու անկեղծ շարադրանքներ են՝ շաղախված իմ հոգու տվայտանքներին, իսկ ում հասանելի չեն, պետք չէ կառչեն տողերից, թող կողքով անտարբեր անցնեն՝ առանց թերթելու այդ նյութերը:

Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 12281 անգամ