Ո՞րն է «Նաիրիտ» գործարանի հրդեհի բռնկման պատճառը (տեսանյութ) Armtimes
2017-08-28 15:52:00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքում լրագրողների հետ ունեցած զրույցում ասաց, որ գործարանում բռնկված հրդեհի պատճառով առայժմ վտանգներ չկան, ամեն բան վերահսկվում է: «Եղել է պայթյուն, էթինոլ տեսակի հումք է մեջը, քիմիական նյութ է: Քիմիական վտանգ չի սպառնում մեր հանրությանը, որովհետեւ ինքներդ տեսնում եք, որ ծխի մեջ ենք մենք աշխատում: Ուղղակի, եթե ծուխը շնչեք, ձեզ վատ կզգաք, խորհուրդ կտամ ծուխը չշնչել: Ընդհանրապես քաղաքին վտանգ չի սպառնում»,- ասաց Մուշեղ Ղազարյանը՝ նշելով, որ 4 ռեզերվուար է այրվում, բայց տարածքում կան 12 նմանատիպ ռեզերվուարներ:

Նրա խոսքով, հիմա փրկարարները մյուս ռեզերվուարները սառեցնում են, որպեսզի հրդեհը չտարածվի: Հարցին՝ ինչի՞ց է բռնկվել հրդեհը, Մուշեղ Ղազարյանը պատասխանեց. «Չենք կարող ասել՝ ինչից է բռնկվել հրդեհը, որովհետեւ հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո են քննիչները որոշելու, թե ինչից է հրդեհի առաջացման աղբյուրը եղել: Այժմ աշխատում ենք 3-րդ բիս կանչով, դա բարդ կանչ է, աշխատում են տեղում բոլոր փրկարարները եւ հրշեջ մեքենաները: Մոտավորապես 10 մեքենա է աշխատում»: Փրկարար ծառայության տնօրենն ասաց, որ գործարանի տնօրինության պնդմամբ՝ ինքնաբռնկում կարող է լինել, որի հետեւանքով նման մեծ հրդեհ է տեղի ունեցել: Հրդեհի մակերեսը 500-600 մետր քառակուսի տարածք է:

Հրշեջներն այժմ հովացման աշխատանքներ են կատարում, որպեսզի կրակի տարածում չլինի, հրդեհաշիջման աշխատաքնները կիրականացվեն այն ժամանակ, երբ մի փոքր այրվի հրդեհված նյութը:

Այս նյութը դիտել են - 12807 անգամ