Դաեշն առաջին ինտերնետային ահաբեկչական ցանցն է
2015-12-02 22:37:00

«Իսլամական պետությունը» կամ Դաեշը ինտերնետի միջոցով տարածվող առաջին ահաբեկչական կազմակերպությունն է, հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը՝ ելույթ ունենալով Կոնգրեսում անցած լսումների ընթացքում.

«Այդ ծայրահեղականները տարածվում են ինտերնետի օգնությամբ: Սա առաջին «ինտերնետային» ահաբեկչական կազմակերպությունն է»:

Քարթերի խոսքով, Դաեշի ոչնչացման համար Միացյալ Նահանգներից կպահանջվի կիրառել պետական բոլոր լծակները.

«Պետական յուրաքանչյուր հաստատություն՝ դիվանագիտական, ռազմական, հետախուզական, ոստիկանական, տնտեսական եւ տեղեկատվական, պետք է ներգրավվի ահաբեկիչների դեմ պայքարում»:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի խոսքով, Դաեշին հնարավոր է ոչնչացնել միայն օդային ռմբակոծումների եւ ցամաքային գործողությունների միջոցով: Այդ կապակցությամբ, Քարթերն ընդգծել է Իրաքում եւ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարող տեղական ուժերի կարեւորությունը: Մասնավորապես, Սիրիայում Միացյալ Նահանգների օգնությամբ ահաբեկիչների դեմ պայքարող չափավոր ընդդիմության ու քրդական ուժերը մեծ հաջողություններ են արձանագրել: Միեւնույն ժամանակ, Էշթոն Քարթերը կարեւորել է Սիրիայում Ասադի հեռացման եւ քաղաքացիական պատերազմի ավարտի կարեւորությունը՝ կոչ անելով Մոսկվային օգտագործել իր ազդեցությունը Սիրիայում.

«Ռուսաստանը սխալ է գործում Սիրիայում: Որպեսզի մենք աջակցենք նրանց գործողություններր, նրանց անհրաժեշտ է փոխել մոտեցումը»:

Հատկանշական է, որ Միացյալ Նահանգներում գործադիր իշխանությունը օրենսդիրի խիստ վերահսկողության տակ է գտնվում: Լսումների ընթացքում հանրապետական կոնգրեսականները քննադատության արժանացրեցին դեմոկրատ նախագահ Օբամայի վարչակազմը, եւ պաշտպանության նախարար Քարտերը՝ միացյալ շտաբների պետի հետ միասին ստիպված էին ժողովրդի ընտրյալների առջեւ պաշտպանել ԱՄՆ-ի ներկայիս ռազմավարությունը ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ:

Այս նյութը դիտել են - 1891 անգամ