«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը ևս հայհոյախառն սպառնալիքներ է ստացել. Mamul
2017-08-20 16:47:00

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը ևս հայհոյախառն սպառնալիքներ է ստացել, այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պաշտպանը: «Այն անձը` Էմմա Սահակյանը, ով սպառնացել էր Արայիկի մյուս պաշտպանին` Արայիկ Պապիկյանին, ինձ ևս հայհոյախառն նամակներ է ուղարկել յոթ ամիս առաջ: «Հերիք է ազգի դավաճաններին պաշտպանես, այ ...», նման բովանդակությամբ նամակներ էի ստանում, ինչ որ այժմ ստանում է Պապիկյանն»,- ասաց պաշտպանը` հավելելով, որ ոստիկանությունը որևէ բացատրություն իրենցից այդ հարցով չի վերցրել:
     Ղարագյոզյանը կարծում է, որ այդ ամենը կապված է Արայիկ Խանդոյանի հետ. «Միտում եմ տեսնում, որ այդ սպառնալիքները Խանդոյանի հետ են կապված: Մինչ այս պահը մյուս պաշտպաններն այդպիսի բովանդակությամբ նամակներ չեն ստացել: Բայց «Սասնա ծռերի» համակիրները ժամանակ առ ժամանակ տարբեր բովանդակությամբ սպառնալիքներ են ստանում»,- ասաց պաշտպանը:
     Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն էլեկտրոնային նամակներ է ստանում ոչ միայն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելուց ձեռնպահ մնալու սպառնալիքներով, այլ նաև՝ սպառնալիքներ իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ, այս մասին տեղեկացնում է Հելսինկյան ասոցիացիան:

Այս նյութը դիտել են - 3696 անգամ