Ոստիկանների կողմից խոշտանգումեր կատարելու փաստերով քրգործ է հարուցվել News.am
2017-08-15 08:43:00

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված բազմադրվագ հանցագործությունների` բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման, ինչպես նաեւ ապօրինի հրազեն կրելու փաստերով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ի հայտ են եկել պաշտոնատար անձանց կողմից կատարված առերեւույթ հանցագործությունների նոր հանգամանքներ, որոնց վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել են երեք քրեական գործեր:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վերը նշված բազմադրված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրյալներ, «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորներ Հ. Ա.-ն, Լ. Ս.-ն եւ Վ. Շ.-ն հաղորդումներ են տվել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ:Հ. Ա.-ն հայտնել է, որ գողություն կատարելու կասկածանքով 18.07.2017թ.-ին բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ ոստիկանության մի խումբ աշխատակիցներ ծեծել են իրեն եւ բռնության գործադրմամբ խոստովանական ցուցմունք կորզել Մեծամոր քաղաքում իր կողմից կատարված բնակարանային գողության վերաբերյալ: Ըստ Հ. Ա.-ի` ոստիկանների կիրառած բռնությունների հետեւանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել:

Բնակարանային գողությունների եւ ավազակային հարձակման գործով մյուս մեղադրյալ Լ. Ս.-ն եւս հայտնել է, որ ոստիկանության Արմավիրի բաժնում  18.07.2017թ.-ին ծեծի է ենթարկվել ոստիկանության մի խումբ  աշխատակիցների կողմից, ովքեր արժանապատվությունը նվաստացնելու սպառնալիքով  ցուցմունք են կորզել իրենից: Ինքն էլ սպառնալիքի եւ վախի ազդեցության տակ հայտնել է իրականության հետ կապ չունեցող հանգամանքներ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրյալ Վ. Շ.-ն նույնպես Հատուկ քննչական ծառայությունում բացատրությամբ հայտնել է, որ ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցներն ավազակության եւ գողության դեպքերով տեղեկություններ ու խոստովանություն ստանալու նպատակով հարվածել եւ մարմնական վնասվածքներ են պատճառել իրեն: 

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու վերը նշված դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Ընդ որում, ելնելով լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ նախաքննության անհրաժեշտությունից, հիշյալ գործերը միացվել եւ քննվում են մեկ վարույթում:

Կատարվում է նախաքննություն:

Այս նյութը դիտել են - 11242 անգամ