Վարչապետն այլընտրանք չի թողնում. Արման Սահակյանի դաժան հարվածը Lragir
2017-08-13 00:50:00
 
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հնչող ավանդական հանձնարարականների շարքում անդրադարձել է նաեւ պետգույքի կառավարման խնդիրներին, պետգույքի կառավարման վարչությանն ու կադաստրի կոմիտեին հանձնարարելով ներկայացնել պետգույքի վարձակալության նոր կարգի վերաբերյալ առաջարկներ:

 Կարապետյանն ասել է, որ պետգույքի կառավարման ուսումնասիրությունը հայտնաբերել է խնդիրներ, օրինակ երբ վարձակալության տրված գույքը հետո ենթավարձակության է տրվել զգալիորեն ավելի բարձր գնով, կամ սահմանվել է գույքի նվազագույն փաստացի արժեքից զգալիորեն ավելի նվազ վարձավճար:

 Կարեն Կարապետյանն ըստ երեւույթին ունի պետգույքի կառավարման վարչության պետի աշխատանքից դժգոհություն հայտնելու ժամանակացույց եւ պարբերաբար թիրախավորում է Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի աշխատանքը: Նրա կամ վարչության գործունեությունից դժգոհությունը Կարեն Կարապետյանը հայտնում է կանոնավոր:

 Ըստ երեւույթին, Արման Սահակյանին ի վերջո մնալու է վաճառել գույքը, բայց արդեն ոչ թե պետական, այլ սեփական գույքը՝ վաճառել ու արտագաղթել, Կարապետյանի պարբերական եւ կանոնավոր դժգոհություններից ազատվելու համար: Ընդ որում, դա կլինի բավական օրիգինալ պատասխան:

 Բանն այն է, որ իշխանության ներսում ներկայում կատարվել է ժողովրդագրական վիճակի ճգնաժամային լինելու շեշտադրում, եւ վիճակը գրեթե աղետալի գնահատող պատգամավոր Սամվել Ֆարմանյանն օրինակ առաջարկում է կառավարության աշխատանքը գնահատել հենց ժողովրդագրական միտումներով, ոչ թե զուտ ծրագրային ցուցանիշներով:

 Այդպիսով, Արման Սահակյանը կարող է վաճառքի հանել իր սեփական գույքն ու հայտարարել, որ հեռանում է՝ Կարեն Կարապետյանի անընդհատ դժգոհությունից: Կստացվի, որ վարչապետը իր դժգոհությամբ խորացնում է արտագաղթը, եւ հեռանում են արդեն նույնիսկ գործադիր իշխանության ներկայացուցիչները: Դա կլինի Արման Սահակյանի դաժան պատասխանը վարչապետին, նրան դնելով հարվածի տակ եւ գուցե նույնիսկ հասցնելով պաշտոնանկության:

 Բայց Սահակյանն ըստ երեւույթին չի գնա այդ քայլին: Որովհետեւ, գուցե բանը չավարտվի պաշտոնանկությամբ եւ ստացվի, որ անիմաստ թողնում է պաշտոնը, վաճառում ունեցվածքն ու արտագաղթում: Իսկ դա կարող է ավելի վատ լինել, քան մնալ պետգույքի կառավարման վարչության պետ, թեկուզ կանոնավոր պարբերականությամբ արժանանալով վարչապետի նկատողություններին ու դժգոհությանը, ստանալով հանձնարարականներ:

 Ի վերջո, դա այնքան փոքր գին է, որ վճարում է ընդհանրապես միջին վիճակագրական հայաստանցի պաշտոնյան այն ամենի դիմաց, որ ընձեռում է նրան իր զբաղեցրած պաշտոնը:

Մանրամասն սկզբնաղբյուրում`lragir.am

 

Այս նյութը դիտել են - 11746 անգամ