ԱՄԵՐԻԿԱՆ ԻՆՁ ԱՐՑՈՒՆՔՆԵՐՈՎ ԴԻՄԱՎՈՐԵՑ
2017-08-12 21:30:00

Հայաստանից Ամերիկա, կարծում եմ բոլորն էլ գիտեն, թե ինչ տանջալից թռիչք է:
Տասներեք ժամ միայն օդանավում, դա լեզվով կարելի է ասել, որքան էլ տրամադրվում ես,միևնույնն է,հոգնատանջ,դժվար մի ուղևորություն է:Ու հատկապես,երբ գնում ես մշտական բնակության;
Ինչքան էլ ընտանիքդ կայացած է այնտեղ, միևնույնն է, քեզ սպասվում են փոփոխություններ,դժվարություններ,հոգեբանական սթրեսներ:Ոչ ոք թող չպարծենա,թե ինքը դժվարությունների միջով չի անցել,դա պարզապես հիմարություն կլինի ասել,ուրեմն կամ չեն ցանկանում հրապարակել,կամ էլ ցանկանում են մոռացության մատնել:Ես դրանց մեջ չկամ,որքան էլ տարիներ անցնեն:Սպասում էի,որ ընտանիքիս անդամները սիրով ու ջերմությամբ կդիմավորեն,քանի որ երկար տարիների բացակայությունից հետո, այդպես կարելի էր միայն ենթադրել:
Սպասասրահում մեծ աղջիկս էր միայն, այն էլ բժշկական համազգեստով:Զարմանքից քար էի կտրել,ո՞ւր էր ամուսինս, մյուս աղջիկս,բարեկամները:
Հենց այդտեղ էլ իմացա, որ այդ օրը ամուսնուս վիրահատել են, այն էլ շատ ծանր վիրահատություն է եղել, բոլորն այնտեղ են՝ հիվանդանոցում:
Օդանավակայանից անմիջապես հիվանդանոց ուղևորվեցինք:
Ու սկսվեց իմ դժվար ու տանջալից օրերն ու ամիսները:
Թվում էր, հույսի նշույլ կհայտնվի, բայց ոչ, հիվանդությունն իր սարսափելի երախով հարձակման էր անցել:
Լավագույն հիվանդանոցները, որակյալ մասնագետները, հոգատար խնամքն ու անքուն գիշերների իմ տառապանքներն այդպես էլ ցանկալի արդյունք չտվեցին,ճակատագիրն իր դերը խաղաց:
Աստված ինձ ուժ ու համբերություն տվեց, կարողացա համակերպվել այդ դաժան իրականությանը:Առաջին հերթին շնորհակալ եմ բարեկամներից,նրանք ինձ մենակ չթողեցին,իմ ֆբ ընկերներից,որոնց հետ անքուն գիշերների ընթացքում կարողանում էի շփվել:
Ամերիկան ինձ արցունքներով դիմավորեց, սթրեսային տրամադրություն առաջացրեց:Բայց դա ժամանակավոր զգացողություն է,կհեռանա,կմոռանա ինձ,գիտեմ:
Ես ուժեղ անհատականություն եմ,լավատես եմ, դա իմ բնույթն է ու հավատը վաղվա օրվա հանդեպ,որովհետև անձրևից հետո երկնակամարում հայտնվում է ծիածանը:Իսկ այդ գույներն ինձ խելքահան են անում,հույսով ու լավատեսությամբ տրամադրում կյանքի ու աշխարհի հանդեպ:
Արցունքներն Ամերիկան թող իր մեջ թաթախի, ես լավատեսորեն եմ տրամադրված:
Աշխարհը մի փոքրիկ պատուհան է, որից պետք է միայն դրական էներգիա ու ժպիտներ հոսի...
Ես շարունակում եմ ապրել...
ՀԱՅԿՈՒՇ ՆԱԶԻՆՅԱՆ
Այս նյութը դիտել են - 20518 անգամ