Մի խումբ ոստիկաններ ֆեյսբուքյան «գրոհ» են սկսել
2017-07-28 02:19:00

Փաստաբան Գրիշա Բալասանյանը ՖԲ իր էջում գրում է.

Այն, որ դատական գործընթացը չավարտված (էլ չեմ ասում, որ ըստ էության չի էլ սկսվել) մի խումբ ոստիկաններ ֆեյսբուքյան «գրոհ» են սկսել նախորդ տարվա այս ամիսներին հայտնի իրադարձությունների հետևանքով ամբաստանյալի աթոռին հայտնված անձանց նկատմամբ, բոլորին է հայտնի:

Եվ այդ գրոհը պատահականություն չէ:

Անիմաստ է այդ անձանց հիշեցնել անմեղության կանխավարկածի, էթիկայի նորմերի մասին, անիմաստ ժամանակի կորուստ է:

Նրանց համար անմեղության կանխավարկածը սուբյեկտիվ ընկալում է՝ եթե հարուստ է, պաշտոնյա է, անմեղության կանխավարկածը գործում է, եթե ոչ, ապա անում են այն, ինչ անում են այս օրերին:

Երբևէ լսե՞լ եք, կարդացե՞լ եք, որ նույն ոստիկանները ֆեյսբուքում գրոհ սկսեն հանցավոր արարք կատարած պաշտոնյայի, նրա ազգականի, մերձավորի դեմ՝ ի պաշտպանություն «շարքային» տուժողի:

Իհարկե՝ ոչ:

Այդ տուժողները ամենևին էլ տուժող չեն, «ոտքի տակ» ընկնող մարդիկ են: Ի՞նչ է եղել, թող չհայտնվեին պաշտոնյայի դիմաց ու աչքը չկորցնեին, հաշմանդամ չդառնային, փողոցով նրանց քարշ չտային, չսպանեին...

Չխորանամ, օրինակները բազմաթիվ են: Բայց ինձ համար տարօրինակ է, երբ ոստիկանների այդ ստատուսները «հավանում» են դատավորները, լրագրողները, իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչները: Սա արդեն ախտորոշում է, թե որքան հիվանդ է իրավապահ և դատական համակարգը:

Դե լրագրողների մասին էլ չասեմ, դատեք ինքներդ, թե ինչպես եք հավատալու նրանց այդ թեմաներով հրապարակումներին....

Այս նյութը դիտել են - 79468 անգամ