Ահազանգ՝ Հասմիկ Պապյանին, Ատոմ Էգոյանին, Սերժ Թանկյանին, և աշխարհասփյուռ հայերին...
2017-07-24 00:11:00
 USArmenianews.com-ը նամակ է ստացել Վահագն Կոզմոյանից, որն էլ ներկայացնում ենք ամբողջությամբ: 
Հիշեցում՝ կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել USArmenianews.com-ի խմբագրության տեսակետների հետ: 
 Հարգելի հայրենակիցներ, դուք բոլորդ ազատ երկրների ազատ քաղաքացիներ եք, ինչն էլ ինձ ստիպում է դիմել Ձեզ: Ամենևին կասկած չունեմ, որ դուք տեղյակ եք ՀՀ-ում ռուսական կայսրության վերջին «նկրտումներին»: Նոր գրոհ է սկսել ՀՀ պետական լեզվի վրա և ավելին՝ հերթը հասել է Մատենադարանին, որի ոչնչացման համար հող է նախապտրաստվում՝ Մատենադարանը հանձնվում է ՀՀ տարածք հանձնող ՀՀ նախագահի եղբորը:
 Այս ամենը Մոսկվան և ՀՀ մարիոնետային իշխանությունները անում են «Սասնա ծռեր»-ի «դատավարության» օրերին, երբ մեր հասարակության ակտիվ մասը զբաղված է ազգային ազատագրական պայքար մղող հերոսներին սատարելով: 
«Սասնա ծռեր»-ին ներկայացված մեղադրանքը քաղաքականից իջեցվել է քրեական մակարդակի, թեկուզ ամբողջ աշխարը ականատես եղավ աննախադեպ մի երևույթի, թե ինչպես ՀՀ ՊՊԾ գունդ ֆիզիկապես գրավվեց և քաղաքական ակցիայի տեսքով ետ հանձնվեց:
Դրդապատճառը նույնպես հայտնի է, ՀՀ նախագահի կողմից հայրենի հողը վաճառելու մտադրությունն էր:
Տիկնայք և պարոնայք, ձեզ հասանելի են աշխարհի հեղինակավոր ատյանները, ուստի ձեր ձայնը լսելի դարձրեք նրանց:
Քանի դեռ չկա առաջադեմ երկրների միջամտությունը,  «Սասնա ծռեր»-ի դատավարությունը  չի բարձրանա քաղաքական հարթակ, և կմնա ռուսական գաղութային դատական ատյանների ճիրաններում, և քանի դեռ չի հասել քաղաքական մակարդակի, ջրի երես դուրս չեն գա դեպի հարավ ուղղված ռուսական կայսրության հրեշավոր ծավալապաշտական պլանները:
Սա նախորդ դարում նահատակվող հայի ճիչ չէ, խնդիրը նեղ տարածաշրջանայինից ավելին է: Հայ-ադրբեջանական աղմուկի տակ Ռուսաստանը գերժամանակակից զենքով շարունակում է լցնել Ադրբեջանը: Բոլորս էլ հասկանում ենք, որ այդ քանակի զենքը, սոսկ ՀՀ-ի վրա ուղղելու համար չէ:
«Սասնա ծռեր»-ը միակ խոչնդոտն են Ռուսաստանի ճանապարհին «խաղաղապահ» անվան տակ Արցախ աշխարհ մտնելու և ՆԱՏՕ –ի դեմ ևս մի ռազմաբազա տեղակայելու համար:
Այսօր անգամ յոթանասունականների իրականության մեջ ապրող հայը հասկանում է, որ Ռուսաստանի հետ միաբևեռ կապը նշանակում է առճակատում ամբողջ աշխարհի հետ, գիտակցում, որ սեփական անվտանգության երաշխիքը Արցախի ինքնորոշման դիմաց Գյումրիում տեղակայված ռուսական 102 բազան հանելը և ՆԱՏՕ-ին անդամակցելն է:
Հայրենակիցնե՛ր, աշխարհին հասցրեք, որ «Սասնա ծռեր»-ի պայքարը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնումն է՝ ընդամենը և ոչ ավելին:
Վահագն Կոզմոյան
Այս նյութը դիտել են - 18289 անգամ