«Ցանկանում են վախեցնել «Սասնա ծռեր» խմբի հարազատներին» A1plus
2017-07-14 15:42:00

«Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբոր՝ Դավիթ Եղիազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելու հատկանիշներով: «Որոշման մեջ բնութագրվում է ինչ- որ տեսարան, իբրեւ ինչ- որ մեկը` անհայտ անձը, շիշ է նետել ոստիկանների վրա, իսկ այդ ընթացքում ես բռնություն եմ կիրառել ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար, գնդապետ Խաչատուր Ավետիսյանի նկատմամբ»,- «Ա1+»-ին ասաց Դավիթ Եղիազարյանը:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 28-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի բակում։ Այդ օրը Դավիթ Եղիազարյանին բերման են ենթարկել, ավելի ուշ՝ բաց թողել։ 
«Բերման ենթարկելը մի փոքր մեղմ է հնչում, ինձ առեւանգել էին: Նախքան դա Խաչատուր Ավետիսյանը փորձեց ինձ հարվածել, եւ այդ փորձը վերագրվում է ինձ, որ ես եմ փորձել հարվածել»,- ավելացրեց «Սասնա ծռեր» խմբի անդամի եղբայրը:

Այս նյութը դիտել են - 8717 անգամ