Դասախոսին առևանգողն ու ծեծողը՝ ԿԳ փոխնախարար Mitk
2017-07-12 14:41:00

«ՄԻՏՔ»-ը գրում էՎարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանն երեկ նշանակվել է կրթության և գիտության նախարարի տեղակալ։

Հիշեցնենք, որ նա Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի հովանավորյալն է, մտերիմը, որի շնորհիվ էլ նախորդ գումարման պատգամավոր էր դարձել: Հիշեցնենք, սակայն, որ պատգամավորի մուտքն ԱԺ համընկավ նրա շուրջ պայթած սկանդալով: Վահրամ Մկրտչյանն ինչ-ինչ խնդիրներից ելնելով՝ առևանգել, ծեծի էր ենթարկել իր բիզնես-գործընկերոջը՝ ԵՊՏՀ դասախոս, գիտությունների թեկնածու Արտակ Ղուկասյանին:

Վահրամ Մկրտչյանը Արտակ Ղուկասյանի հետ համատեղ տարադրամի փոխանակման կետ էր ունեցել, որն աշխատեցնելու ընթացքում առաջացած ինչ-ինչ խնդիրների պատճառով, 2013-ի մայիս ամսին Վահրամ Մկրտչյանը մի քանի այլ անձանց հետ մտել էր Արտակ Ղուկասյանի բնակարան, Արտակի հորից ու կնոջից պահանջել էր տանը եղած ամբողջ ոսկեղենը՝ սպառնալով, որ եթե չբերեն ոսկիները, իրենց տղան տուն չի գա: Ստանալով տանը եղած ամբողջ ոսկին՝ Վահրամ Մկրտչյանն իր շքախմբի հետ հեռացել էր, որից հետո միայն հաջորդ օրը երեկոյան էր Արտակը տուն եկել ծեծված, կապտուկներով և արյունոտ հագուստով:

Տուժողն իրավապահներին չէր դիմել, քանի որ Վահրամ Մկրտչյանը սպառնացել էր, որ եթե բողոքի, ապա հաջորդը երեխաներն են լինելու, և ավելացրել էր, որ բողոքելու դեպքում էլ արդյունքի չեն հասնի, քանի որ ինքն ապարանցի է, Աղվան Հովսեփյանի հայրենակիցը, և «երբ ուզի, Արտակին կնստեցնի»:

Ու թեև պատգամավորը հերքել էր իր մասնակցությունն այդ դեպքին և մի բան էլ պնդում է, որ Արտակ Ղուկասյանն է իրեն խաբել և հսկայական գումարներ է պարտք իրեն, սակայն Արտակի հարազատները պնդում էին, որ այս ամբողջ պատմությունը՝ առևանգումը, ծեծը, ունեցվածքի խլումը, ապա նաև Արտակի կալանավորումն իրականացվել էին Վահրամ Մկրտչյանի թեթև ձեռքով:

Այս նյութը դիտել են - 8675 անգամ