Արա Աբրահամյանը շատ փող ունի. փաստորեն ՀՀԿ-ն տեսնում է միայն փողը, իսկ Աբրահամյանին որևէ պարագայում տեսնել չի ցանկանում` արժանիքների լիակատար բացակայության պատճառով...
2016-01-20 09:02:00

Հանրապեական կուսակցությունն ամեն գնով ջանում էր որևէ կերպ չարտահայտել իր վերաբերմունքը Հայաստանի քաղաքական կյանքում ՌՀՄ նախագահ, ամենայն հայոց ծայտառակություն Արա Աբրահամյանի հնարավոր ներկայության մասին: Բայց կարծես թե վրա հասավ պահը, երբ պետք է իրերը կոչել իրենց անուններով: Ու ՀՀԿ-ն էլ դրա համար գտավ ամենահարմար ձևակերպումը:

Ինչպես իր կուսակցության տեսակետը շարադրեց պատգամավոր Արտակ Դավթյանը՝ « Ժամանակը ցույց կտա՝ ով ինչ տեղ կարող է զբաղեցնել Հայաստանի քաղաքական դաշտում։ Ինչ վերաբերում է կոնկրետ Արա Աբրահամյանին, Արա Աբրահամյանը, եթե չեմ սխալվում, շատ փող ունի։ Այլ արժանիքներ չեմ կարող նշել»,- ասել է նա: Փաստորեն ՀՀԿ-ն տեսնում է միայն փողը, իսկ Աբրահամյանին որևէ պարագայում տեսնել չի ցանկանում` արժանիքների լիակատար բացակայության պատճառով: Եթե այդ փողերի մի մասը Աբրահամյանը որոշել է ներդնել Հայաստանում, թող ներդնի՝ ՀՀԿ-ն խնդիր չի տեսնում։ Բայց Աբրահամյան քաղաքական երևույթի ներդրումը ցանկալի չէ, հատկապես 2017թ. սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ:

Գալով Արա Աբրահամյանի «ազդեցիկ» կապերի գործոնին, Հանրապետականն այս պարագայում էլ ցանկություն ունի մնալ անդրդվելի և չնահանջել ռուսաստանահայ գործարարի դրսից բերվող ճնշումների ներքո: «ՀՀ քաղաքացին բավականաչափ հասունացել է, որպեսզի իր ընտրությունը պայմանավորի ոչ թե այս կամ այն անհատի «արտասահմանյան կապերով», այլ նրանով, թե որքանով հայաստանակենտրոն են նրա ծրագրերը, որքանով է այդ մարդը ապրում Հայաստանի հոգսերով, ինչ ճանապարհ է անցել, կարո՞ղ է բաց ճակատով ներկայանալ ընտրողին և հայցել նրա քվեն»,- ասում է Արտակ Դավթյանը։


Իսկ մենք կարող ենք այս պահին արձանագրել միայն մեկ իրողություն. Արա Աբրահամյանին առաքվել է խիստ թափանցիկ մեսիջ առ այն, որ նա Հայաստանում ընդունելի է միայն իբրև ֆինանսական լայն հնարավորությունների տեր անհատ: Այլ դերերում և այլ կարգավիճակով նրան այստեղ տեսնել չեն ցանկանում: Եթե Աբրահամյանն այնուամենայնիվ չցանկանա հասկանալ այս պարզ ակնարկը, նրան կհասկացնեն բարդ տարբերակով:

Shame.am
Այս նյութը դիտել են - 1279 անգամ