Թարթառի ափին ենք
2017-07-04 12:39:00

Թարթառ (Տրտու) գետի ափին ենք, իսկ այն սկսվում է Արցախի լեռնաշղթայի հյուսիսային և Մռավսար լեռնաշղթայի հարավային լանջերից, անցնում Մարտակերտի և Քարվաճառի շրջաններով: Ականատես ենք, որ գետը անցնում է մի հիասքանչ ձորի միջով, իսկ այնտեղ անտառներ կան, բարձրաբերձ ժայռեր: Գետափից ոչ հեռու գտնվում է Դադիվանքը: Թարթառ գետի վրա է կառուցված Սարսանգի ջրամբարը, մի հիասքանչ պատկեր, որի վրա կապույտ երկնակամարի արտացոլանքն է երևում հեռվից, ու սքանչանում ես այս բնաբեկորի գեղեցկությամբ:
Թարթառի ջրերին եմ ներսուզվում իմ մտորումներով, սառը ջուրը կարծես ավետում է գալիքի նոր արշալույսների մասին: Կռացած ուռենու ծառը իր ծամերն է սուզել ջրերում, անէանում ես, դառնում բնության մի մասնիկը: Ուռենու ճյուղերն էլ քամու օրորի տակ իրենց զրույցն են անում՝ ջրի կարկաչին միախառնված: Լիանայի տերևները գրկել են մամռոտած ծառը, սիրում եմ այս հրաշքը, սիրում բոլորին, որ կողքիս են, գերհագեցած երազանքների իրականացում կա, երիտասարդ ուսուցչուհիների ուրախ ծիծաղը միախառնվում է բնության զարթոնքին:
Այս միջավայրում կարծես նորովի ենք հայտնաբերում մեկը մյուսին: Ազատ խոսք ու զրույցը մոռացության է տալիս դպրոցական օրերի մանկավարժներիս զսպվածությունը: Սիրում եմ այս հրաշք գեղեցկությունը, որ մոռացության է տալիս նաև տաղտուկ աշխարհի՝ մեզ երբեմն ակնկալվող վտանգը: Այստեղ մոռանում ենք պատերազմի մասին ու դառնում ենք բնությանը միաձուլված խաղաղ կյանքի սիրահարներ:
Սա հայրենիքի դյութական տեսիլք չէ, այլ՝ իրականություն, այստեղ այն հաստաբեստ ծառի արմատներում դարերից վեր հառած ազգիս արմատներն եմ տեսնում, վեր խոյացող ժայռերի մեջ՝ մեր ժողովրդի ամուր կամքը, որ ապրել գիտի պատերազմների միջով, վեր հառնել գիտի զոհերի գնով, արարել գիտի հայրենի բնաշխարհի, պատմական հիշատակների ոգեկոչումով:Այս բնության գրկում ազգային ցավի ողբերգություն չկա, այստեղ մարդկային ապրումներն անսահման են՝ ողողված հույսի, լավագույն կյանքի ակնկալիքով: Սա մի մաքուր աշխարհ է, որտեղ անորոշություն ու լքվածություն չկա, այստեղ հոգու աչքերով ես նայում շրջապատիդ ու բնությանը և այն մարդկանց, որ միշտ կողքիդ են եղել, բայց այդ օրը՝ նորովի բացահայտված: Մեր աշխարհն է սա, մեր բոլորի Արցախը, մեր գոյությունը, ու մենք՝ նրա հետ:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 10164 անգամ