Փաստաբանների և ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել Armtimes
2017-06-28 12:06:00

«Armtimes »-ը գրում է. ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում փաստաբանների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել:

Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ այսօր փաստաբաններ Լուսինե Սահակյանը եւ Արա Զաքարյանը ականատես են եղել, թե ինչպես են տասնյակից ավելի կարմիր բերետավորներ քաշելով, ըստ փաստաբան Ինեսա Պետրոսյանի` նաեւ ծեծելով, բերման ենթարկում քաղաքացիներից մեկին:

Փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Արա Զաքարյանը փորձել են պաշտպանություն իրականացնել եւ նրա հետ գնալ ոստիկանական բաժին, սակայն կարմիր բերետավորները բռնություն են գործադրել Լուսինե Սահակյանի նկատմամբ եւ չեն թույլատրել մոտենալ բերման ենթարկված քաղաքացուն, որը, ինչպես պարզվեց, «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբայրն է:

Այս նյութը դիտել են - 15413 անգամ