Մեղավոր ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արա Զոհրաբյանը դիմել է Վլադիմիր Գասպարյանին
2017-06-28 09:48:00

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Դիմումում Արա Զոհրաբյանն անդրադարձել է այսօր «Սասնա ծռեր»-ի դատական նիստից առաջ դատարանում տեղի ունեցած միջադեպին, որի արդյունքում որոշ փաստաբաններ տեղափոխվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Դիմումում ասվում է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ՝ պարոն Վլադիմիր Գասպարյանին Հարգելի պարոն Գասպարյան, Հայկական ժամանակի 28.06.2017թ. http://armtimes.com/hy/video/2066 հղումով տեղադրված տեսանյութի համաձայն Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարակից տարածքում փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Արա Զաքարյանի նկատմամբ ոստիկանները ցուցաբերել են բռնի գործողություններ:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության և բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, …:

ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար: 2012թ. փետրվարի 8-ին ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի» 1.1.3 կետի համաձայն կողմերը համաձայնվել են համագործակցել վարքագծի կանոնների պահպանման ապահովման կապակցությամբ ոստիկանության կամ փաստաբանների կողմից վարքագծի կանոնների խախտումների հայտնաբերումը, փոխադարձ իրազեկումը և պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումն ապահովելու նպատակով: Վերոգրյալը հաշվի առնելով խնդրում ենք Ձեր հանձնարարականը համապատասխան ստորաբաժանմանը՝ նշված միջադեպն ուսումնասիրելու և մեղավոր ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու կապակցությամբ:

Հարգանքով՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան» 

Այս նյութը դիտել են - 16016 անգամ