Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Հունաստանի արտգործնախարարի տեղակալին
2017-06-26 09:27:00

Հունիսի 26-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Հունաստանի միջև դարերի խորքից եկող եղբայրական հարաբերությունները հիմնված են մեր երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ամուր բարեկամության վրա:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ուրախալի է իր հույն գործընկեր Նիկոս Կոձիասի՝ Երևան կատարած այցից կարճ ժամանակ անց, ըստ ձեռք բերված համաձայնության, ընդունել Հունաստանի փոխարտգործնախարարին՝ արտերկրում հայկական և հունական համայնքների միջև համագործակցության հարցերը քննարկելու համար։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Փոխնախարար Քուիքը տեղեկացրեց, որ, ի կատարումն երկու երկրների արտգործնախարարների պայմանավորվածության, աշխատանքներ են ընթանում հայ-հունական գործարար համաժողով կազմակերպելու ուղղությամբ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց կիպրական հիմնխանդրի հանգուցալուծման գործընթացին, մերձավորարևելյան զարգացումներին և դրանց հետևանքով առաջացած միգրացիոն ճգնաժամին։


Այս նյութը դիտել են - 14971 անգամ