Եթե ներկա հիմնը «լացկան» է, ապա առաջարկվող կոմպոզիցիան ևս, ամենևին էլ ուրախ առիթով չէ, որ գրվել է
2017-06-12 14:21:00

 
 
Հայաստանում կարծես բավական մեծ աղմուկ է բարձրացրել Շառլ Ազնավուրի առաջարկը ` փոխելու Հայաստանի ներկա օրհներգն ու որպես ՀՀ հիմն հռչակել « Քեզ համար , Հայաստան »- ը ( ֆր . Pour toi Arménie): 
Տեղեկատվության կարգով նշենք, որ այս երգը գրվել է 1988 թվականի դեկտեմբերի 7- ին՝ Հայաստանում ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով։ Երաժշտության հեղինակն է Ժորժ Կառվարենցը , խոսքի հեղինակը`Շառլ Ազնավուրը :
Երգի տեսահոլովակը նկարահանել է Անրի Վեռնոյը : 
Այն,որ Հայաստանի ներկա հիմնը բավական լուրջ քննադատությունների տեղիք է տվել, ու խոսակցություններն արդեն երկար ժամանակ է` չեն դադարում, բոլորովին էլ նորություն չէ:
Ներկա հիմնը ոմանք համարում են չափից դուրս պարզունակ, ոմանք` ոչինչ չասող, ոմանք էլ` թուլություն ու թախիծ են տեսնում երաժշտության մեջ ու համարում այն խիստ պեսիմիստական:
Իհարկե, հարցն այս բնավ էլ դոգմատիկ բնույթ չէ, որ կրում է, ու ամեն մեկն իր կարծիքը կարող է ունենալ, սակայն, այն,որ Ազնավուրի առաջարկը կարծես դրական արձագանք է գտնում, երևում է նույն երգչի խոսքերից այն մասին, թե նախագահը ևս կողմ է փոփոխությանը:
Ի դեպ` մշակույթի նախարար Արամեն Ամիրյանը նույնպես հասցրել է դրականորեն արտահայտվել գաղափարի վերաբերյալ:
Փաստը, որ հիմնը ցանկացած երկրի,պետության, անփոխարինելի ու կարևորագույն խորհրադանիշներից մեկն է, միմիայն է՛լ ավելի է սրում հարցի կարևորությունը:
Սակայն հարց է առաջանում` ի՞նչ կփոխի նոր հիմնի հռչակումը Հայաստանի ու հայաստանցիների կյանքում:
Եթե ներկա հիմնը շատերին դուր չի գալիս զուտ միայն այն բանի պատճառով, թե իբր «լացկան» է, ապա առաջարկվող կոմպոզիցիան ևս, պետք է նկատել, ամենևին էլ ուրախ առիթով չէ, որ գրվել է: Այն, ըստ էության, ավելի շուտ 88-ի երկրաշարժի յուրատեսակ «հիմն» պետք է համարել, քան` սովորական ստեղծագործություն:
Հետևաբար` հարց` իմա՞ստը:
Անկասկած, կարևորագույն հարցն այսօր,որ ծառացել է Հայաստանի առջև, բնավ էլ օրհներգի հարցը չէ:
Չմոռանանք` օրհներգը չէ, որ գեղեցկացնում է պետությանն, այլ` հակառակը: Հետևաբար եթե նույնիսկ Հայաստանի հիմն հռչակեն աշխարհի լավագույն երաժշտությունն էլ, դրանից Հայաստանը չի հզորանալու:
Սա, ըստ էության, այնքան էլ հրատապ հարց չէ երկրի համար. արհեստական օրակարգ է:
Ալեքսանդր Գրիգորյան
Այս նյութը դիտել են - 7253 անգամ