Իրավիճակներ, որտեղ մանկավարժի վարպետություն է պետք
2017-06-12 11:54:00

 Ժամանակները փոխվել են, սերունդն էլ քայլում է ժամանակին համընթաց, ուսուցիչն իրավունք չունի հետ մնալու մերօրյա առաջընթացից: Երբեմն մեղադրվում է ուսուցիչը... Ինչու՞մն է նրա մեղքը, որ հայտնվում է դժգոհությունների թիրախում: Ծնողների ոչ վայելուչ վերաբերմու՞նքը նրա հանդեպ, թե՞ վերջինիս ոչ մանկավարժական մոտեցումը, որ երբեմն ծնող և ուսուցիչ հայտնվում են հակասությունների երկու տարբեր ծայրամասերում:

Ծնողը բացեիբաց հայտարարում է, թե ինքն է ուղղորդում իր երեխային՝ ում դասաժամին իրեն ինչպես դրսևորի: Ուրեմն այստեղ կան դասաժամեր, որ ծնողի կողմից իրավունք է տրված երեխային՝ կարգապահական խախտումներ կատարելու: Ծնողը երեխայի համար մեծագույն դերակատար է, նրա խոսքը արդարացված և ընդունելի է երեխայի համար, ուրեմն տվյալ իրավիճակում ուսուցիչը հայտնվում է աշակերտի և նրա ծնողի կողմից ստեղծած բարդ հանգույցում: 
Մանկավարժական ճիշտ մոտեցումը միայն կարող է «փրկել» ուսուցչին՝ «գորդյան խնդիրը» լուծելու, այն դեպքում, երբ ծնողը հաստատակամ է իր որոշման մեջ, որտեղ նաև մեղադրանքներ կան՝ ուղղված ուսուցչին: Ուրեմն այստեղ ուսուցիչը գործ ունի «վրիժառու» ծնողի հետ, հետևաբար նա պիտի կարողանա իրավիճակից դուրս գալու փրկությունը գտնի իր վարպետությամբ՝ դեռահասի հետ հարաբերությունների մի նոր մթնոլորտ ստեղծելով, որը և կանդրադառնա ծնողի վարքագծի փոփոխությանը:
Երբեմն աշակերտը հայտնվում է երկընտրանքի մեջ, նա իր գործած սխալի համար պետք է ներողություն խնդրի ուսուցչից: Ավագ դպրոցում իր հասակակիցների մոտ նա ծանր հոգեվիճակ է ապրում, բայց մի կողմից՝ պարտադրանքը, մյուս կողմից՝ իր դասընկերներից սպասվող ծաղրալից ակնարկները, երկփեղկվում են, ու ստեղծված իրավիճակում միակ հանգուցալուծումը տվյալ ուսուցչի մոտ է, որ պետք է թույլ չտա դեռահասի «նսեմացված» կերպարի տեսանելիությանը ու թռուցիկ անցումով հասկացնի, որ ամեն ինչ հարթված ու հասկացված է: Բայց բոլո՞ր ուսուցիչներն են կարողանում նման անցումներն ապահովել, թե՞ սպասում են դեռահասի հետ իրենց «հաղթանակը» ամրագրելու՝ ի տես համադասարանցիների:
Ուսուցիչը միշտ չէ, որ ուղղորդող է, երբեմն կարող է աշակերտը մեզ ուղղորդի, բայց արդյո՞ք բոլոր ուսուցիչներն են ընդունակ՝ ընդառաջելու դեռահասի առաջարկին: «Մեծամտություն» կոչվածը, երբեմն կանգնում է «ամենագետ» ուսուցչի կողքին, վնասում է վերջինիս, արդյունքում հիասթափություն է ծնվում դեռահասի մոտ, երբ իր «նորարարությունը» անտեսվում կամ գուցե արհամարհանքի է արժանանում:
Նման փաստերն առկա են իմ մանկավարժական գործունեության ընթացքում: Աշակերտուհին գիրք է ընթերցում, մի գիրք, որ ամենևին չի առնչվում այդ օրվա դասանյութի հետ: Նա ամենևին չի ուզում «ենթարկվել» ինձ ու կտրվել այդ գրքից, նույնիսկ առաջարկում է բոլորին լսելի ինչ-որ հատված ընթերցել այդ վեպից: Նրա ուղղորդմամբ ես «ստիպված» առաջարկն ընդունում եմ, երբ գրքից հեռացած սերնդի մեջ մեր օրերում գտնվել էր ընթերցող, ով իրեն հետաքրքրող գիրքը ցանկանում էր տեսանելի դարձնել բոլորին:
Ստեղծված իրավիճակներում յուրաքանչյուր ուսուցիչ տարբեր վերաբերմունք կարող է ցուցաբերել, բայց կարևորը՝ իր մոտեցումը կարողանա ընդունելի դարձնի դեռահասին կամ նրա ծնողին՝ մնալով միշտ իր բարձրության պատվանդանին:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 5196 անգամ