«Մաքուր Հայաստան»՝ կեղտոտ խնդիրներով «Hayeli»
2017-05-27 22:26:00

Մայիսի 27-ին տրվել է վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից նախապես ազդարարված «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը: Համահանրապետական շաբաթօրյակի առիթով պետական ապարատի աշխատողները, դպրոցների, բուհերի և այլ հիմնարկների աշխատողները գնացել են մաքրություն անելու: Ժամը 18:00-ի դրությամբ՝ բավականին տպավորիչ թվեր էին ներկայացվում, թե ինչքան աղբ ու աղբավայր են վերացրել մեկ օրում:

«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի պաշտոնական տվյալներով՝  մայիսի 27-ի համապետական շաբաթօրյակի աշխատանքների արդյունքում ՀՀ մարզերում փակվել են 637 աղբանոցներ: Ներկայացվում են այսօրվա ընթացքում փակված աղբանոցների թվային տվյալներն ըստ մարզերի` Կոտայք -67,  Սյունիք – 31, Արագածոտն – 25, Շիրակ – 60, Վայոց ձոր – 74, Արարատ – 8, Արմավիր – 46, Լոռի – 244, Տավուշ – 48, Գեղարքունիք – 34:

ՀՀ մարզերում մաքրման աշխատանքների կազմակերպման համար համայնքների, ճանապարհաշինարարական և այլ ընկերությունների կողմից դուրս է բերվել մեծ քանակով տեխնիկա, մասնավորապես` ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր, ընդհանուր առմամբ` 1621 միավոր տեխնիկա: Համապետական շաբաթօրյակին ՀՀ մարզերից մասնակցել է ավելի քան 146 հազար քաղաքացի (2832 կոլեկտիվ, 3704 տեղամաս):

Երևանի վարչական շրջաններում հանրապետական շաբաթօրյակի համատեքստում կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակն աչքի է ընկել մասնակիցների բարձր ակտիվությամբ: Սանմաքրման աշխատանքների ընթացքում պատշաճ տեսք են ստացել բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցները:

Ինչպես տեղեկացրել է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, մայրաքաղաքը համատեղ մաքրելու աշխատանքներին մասնակցել է ինչպես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, պետական ու մասնավոր կազմակերպությունների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, կրթօջախների, քաղաքապետարանի ենթակայության կառույցների և հասարակական կազմակերպությունների շուրջ 22000 անձ:

Շարունակությունը՝ այստեղ

Այս նյութը դիտել են - 2572 անգամ