Ոստիկանական բռնության մասին հաղորդում տված անձին փակ հեռախոսահամարներից զանգում և հորդորում են չբողոքել
2017-05-26 15:35:00
Այս տարվա ապրիլին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Ստեփանավան քաղաքի բնակիչ Ա. Հ.-ը և հայտնել, որ 5 ամիս առաջ, երբ ընկերոջ տանից վերջինիս ուղեկցությամբ վերադառնալիս է եղել, իրենց են մոտեցել շուրջ 10 ոստիկաններ և ատրճանակի սպառնալիքով ձերբակալել իրեն:
 Ոստիկանության Ստեփանավանի բաժնում նրան ծեծել ու սպառնալիքի տակ ստիպել են ցուցմունք տալ ընկերոջ դեմ: 
Բռնությունն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը շարունակվել է նաև հետագա ժամերին, այդ թվում՝ ոստիկանապետի սենյակում՝ նրա հետ զրույցի ժամանակ, որն ի դեպ, Ա. Հ.-ի փոխանցմամբ, եղել է քաղաքացիական հագուստով: 
Դեպքից հետո, հետագա հետապնդումներից խուսափելու համար, Ա. Հ.-ը մեկնել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ էլ տեղեկացել է, որ ընկերոջը՝ Գ. Կ.-ին, ում դեմ ստիպում էին ցուցմունք տալ, կալանավորել են: Ինչից հետո որոշել է վերադառնալ և պատմել տեղի ունեցածի մասին:
 ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ վերոնշյալի հիման վրա քրեական գործ հարուցելու և հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցով:
 Նույն հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև Գ. Կ.-ը: 
Ավելի ուշ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակում Ա. Հ.-ը տուժող է ճանաչվել: 
Դրանից հետո վերջինս պարբերաբար զանգեր է ստանում փակ հեռախոսահամարներից, որոնցով սպառնում են նրան և հայհոյանքներ հնչեցնելով՝ հորդորում գործին ընթացք չտալ և չբողոքել: 
Հաշվի առնելով այն, որ Ա. Հ.-ը հանցագործության մասին տեղեկությունների է տիրապետում և որ դրա պատճառով հնարավոր է սպառնալիքները շարունակվեն ու հանգեցնեն Ա. Հ.-ի կյանքի և առողջության նկատմամբ ոտնձգության՝ վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը միջնորդել է նրա նկատմամբ պաշտպանության միջոցներ ձեռնարկել և քննություն իրականացնել նշված հեռախոսազանգերի հեղինակներին հայտնաբերելու ուղղությամբ: 
Նշենք, որ հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար տվյալներ ունեցող դատավարության մասնակցի կյանքին, առողջությանը, գույքին, իրավունքներին ու օրինական շահերին վտանգ սպառնալու դեպքում պաշտպանության իրավունքն ամրագրված է ՀՀ Քրեական դատվարության օրենսգրքով: 
Վարույթն իրականացնող մարմինը, սակայն, կասկածելի հեռախոսազանգերում վտանգ չի տեսնում և պնդում է, որ անհայտ անձի կողմից հնչեցրած կոչերն ու հայհոյանքները բավարար հիմք չեն տալիս հետևություն կատարելու, թե Ա. Հ.-ի կյանքին կարող է վտանգ սպառնալ կամ ոտնձգություն կատարվել նրա նկատմամբ: 
Հեռախոսազանգերի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու՝ տուժողի ներկայացուցչի պահանջին ՀՀ Հատուկ քննչական ծառայության պատասխանում ընդհանրապես անդրադարձ չի կատարվել:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 
Այս նյութը դիտել են - 38981 անգամ