Միհրան Պողոսյանը մեղադրում է լրագրողներին Politik
2017-05-19 19:49:00

«Անվտանգություն և առաջընթաց». ՀՀԿ խմբակցության նորընտիր պատգամավոր Միհրան Պողոսյանը նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա մեկուկես ժամանոց ելույթից առանձնացրեց միայն այս միտքը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, որ Սերժ Սարգսյանը նախօրեին ԱԺ-ում խոսում էր նաև օրենքի երկիր կառուցելու մասին, արդյո՞ք պատգամավորը չի վախենում Հայաստանը օրենքի երկիր դարձնելուց, Պողսայանը նշեց. «Մենք աշխատում ենք ամեն ինչ անել, որ Հայաստանը մի օր դառնա հարյուր տոկոսանոց օրենքի երկիր»:

Հարցին՝ հարյուր տոկոսանոց օրենքի երկիր չունենա՞լն է պատճառը, որ այսօր շատ մարդիկ պատգամավորի կարգավիճակում հայտնվել են խորհրդարանում, ոչ թե այնտեղ, որտեղ իրենց արժանի տեղն է, Պողոսյանը պատասխանեց. «Գնահատականը տվել է ժողովուրդը, և ոչ մի լրագրող, ոչ մի ՀՀ քաղաքացի իրավունք չունի ժողովրդի ձայնը կասկածի տակ դնելու: Այսօր այստեղ գտնվում են մարդիկ, ովքեր տասնյակ հազարավոր ժողովրդի ձայնի բարձրացնողն են խորհրդարանում:

Եվ ես բազմիցս ասել եմ, պետք է թողնել ինտրիգները: Պետք է հասկանալ, որ այսօր մենք ունենք անելիքներ: Պետք է հասկանանք, որ այսօր ձեւավորվել է մի խորհրդարան, որը ունի անելիքներ և ժողովուրդը սպասում է: Հիմա մենք պետք է գործով ապացուցենք, որ մենք արժանի ենք եղել այդ ձայներին»:

Այնուհետև Միհրան Պողոսյանը սկսեց խորհուրդներ տալ լրագրողներին, թե ինչպես պետք է լուսաբանել իրադարձությունները՝ հորդորելով տեղեկությունների աղբյուրը ստուգել, ոչ թե ինտրիգներ փնտրել. «Ձեր մոտեցումները և ինտրիգային դաշտ ստեղծելը ստիպում է, որ մեկ անձ ավել մտածի Հայաստանը լքելու, հեռանալու մասին… 

Եթե դուք շարունակեք պրովոկացիա անել, ինտրիգների դաշտում աշխատել, այդ ամենը ոչ մի լավ բանի չի բերի»:

politik.am

Այս նյութը դիտել են - 2860 անգամ