«Խոզի գրիպը» պատգամավորի փեսային է կպել...
2016-01-19 02:43:00

 Խոզի գրիպը ներխուժել է նաև քրեակատարողական հիմնարկի պատերից ներս: Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների մամուլի հետ կապերի բաժնից hraparak.am-ին տեղեկացնում են, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Վերնիսաժի գործով 6 տարի 6 ամիս դատապարտված Գոռ Առաքելյանին հիվանդանոց էին տարել այլ խնդրով. «Տարել էին հետազոտություններ իրականացնելու, պարզվել է, որ H1N1ունի».- փոխանցում են մամուլի հետ կապերի բաժնից:

Միաժամանակ տեղեկանում ենք, որ հիմնարկում այլ հիվանդներ չկան: Փաստորեն, Գոռ Առաքելյանը «բարեխղճորեն» չի վարակել այլ դատապարտյալների կամ էլ այդ անխիղճ «խոզի գրիպը» հենց պատգամավորի փեսային է կպել:  Ի դեպ, Գոռ Առաքելյանին տեղավորել են Էրեբունի բժշկական կենտրոնի կոմֆորտ բաժանմունքում, «վիփ» դատապարտյալի համար՝ «վիփ» սենյակում:

Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 17-ին «Վերնիսաժի» տարածքում կրակոցներ էին հնչել: Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վիճել էր Վալերիկ Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի հետ, վիճաբանությունն այնքան էր թեժացել, որ Գոռ Առաքելյանն անկանոն կրակահերթ էր բացել վերոհիշյալների ուղղությամբ: Գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի համար դատախազը պահաջել է 9 տարվա ազատազրկում, Նելսոն Մելքոնյանի համար 2, իսկ Վալերիկ Հովհաննիսյանի համար 2.5 տարվա ազատազրկում: Սակայն դատարանը վճռեց Գոռ Առաքելյանին դատապարտել 6 տարի 6 ամսվա ազատարկման, Վալերիկ Հովհաննիսյանին 3 տարվա ազատազրկման, իսկ Ներսես Մելքոնյանին՝ 2 տարվա ազատազրկման:

 

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 1413 անգամ