Նա ուզում է դառնալ հայոց բանակի զինվոր
2017-05-15 11:22:00
 Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ հումանիտար դասարանի աշակերտուհի Արմինե Կարապետյանի ստեղծագործական շարադրությունը ԼՂ հանրապետական մրցույթում 2-րդ մրցանակային տեղ էր զբաղեցրել: Ապրիլյան պատերազմի կորուստները հոգում, նաև` զինվորական կյանքի նկատմամբ մեծ սիրով` նա ցանկություն ունի կանգնել զինվորի կողքին, ինքն էլ զենք վերցնել` որպես ինքնապաշտպանական միջոց, որը կապ չունի իր մարդասիրության հետ: Նոր սերնդի հայրենասիրական մտորումների արտահայտություն է, որ դեմ է արտագաղթին, խաղաղություն է երազում, հայրենիքի փրկությունը տեսնում հավաքական ուժի ու հայի ոգու մեջ: (Ստեղծագործական շարադրությունը` «Ես զինվորն եմ հայոց բանակի», տեղադրվում է որոշ կրճատումներով): 
«Այդ օրը` ապրիլի 2-ին, անընդհատ նայում էի ծնողներիս պատերազմ տեսած աչքերին: Ոչինչ չէի զգում մինչև այն պահը, երբ հորս կանչեցին զորամասից: Անընդհատ խնդրում էի, որ ինձ էլ վերցնի իր հետ: Ռմբակոծությունը գնալով սաստկանում էր, չէի կարողանում արտասվել, միայն «Հայր մերը» շուրթերիս փորձում էի հորս համոզել: Իսկ հայրս շուտափույթ փորձում էր բոլորիս հանել տնից: Ես ոչ մի կերպ չէի համաձայնվում, բայց հետո մեծ դժվարությամբ տնից դուրս եկա նաև ես:
Պատրաստվում եմ ապագայում իմ պարտքը մատուցել հայրենիքիս: Կանգնել այն դիրքում, որտեղ եղել են մեր հերոս տղաները, պահել այն դիրքը, որ արյունով են պաշտպանել ու թշնամուն ապացուցել, որ «առյուծն առյուծ է, լինի էգ թե որձ»: Միշտ պատրաստ եմ իմ քնքուշ ձեռքով բռնել սառը զենքը ու թեկուզ կյանքովս` տեր կանգնել այս հողին:
Դեռ մանկուց սեր եմ ունեցել դեպի զինվորական համազգեստը, բայց երբևէ չեմ պատկերացրել, որ առիթ կունենամ այն հագնել: Մի անգամ փորձել եմ... Երբ այն կրում ես, կարծես ներսումդ մի ուրիշ աշխարհ է բացվում, այդ պահին մտովի տեղափոխվում ես սահմանագիծ...Կամ գուցե երազանքիս պատճառն այն է, որ մեծացել եմ զինվորականի՞ ընտանիքում, չգիտեմ:
Արցախ եկած հատուկջոկատայինների շարքում զինվորական համազգեստով կանգնած աղջիկն էր երազանքիս պատճառը, հենց որ նրան տեսա, ընդամենը մի քանի րոպե. որոշված էր արդեն, որ պիտի դառնամ դիպուկահարուհի: Ճիշտ է, հիմա չեմ կարող զինվորի նման զենք բռնել և կանգնել սահմանում, բայց այստեղ ամեն օր աղոթում եմ նրանց համար: Երազանքս է դա, որի համար պատրաստ եմ ամեն ինչի, և թող սրանք զուր խոսքեր չթվան: 
Ես անցած օրերի պատերազմն եմ հիշում, նոր օրերի մեծագույն կորուստը մեր: Հավատում եմ, որ մի օր թշնամին պատասխան է տալու մեր կորցրած հողերի, այն լավ տղաների կյանքը մկրատելու համար, մեր թափած արցունքի համար, ամեն մի արձակած գնդակի համար: Պատասխան է տալու` մոր աչքը որդու ճամփին թողնելու, հերոս տղաների ճակատագրերն անհայտ թողնելու համար...
Նաև այն կարծիքին եմ, որ մեր երկիրը միակն է, երբ պատերազմի ժամանակ ժողովուրդն օտարությունից վերադառնում է, իսկ խաղաղ ժամանակ` արտագաղթում: Որքա~ն էլ դժվար լինի հայրենիքում ապրելը, մարդ չպետք է հեռանա իր տուն ու տեղից: Մի՞թե զինվորի համար հեշտ է սահման պահելը` իր կյանքը վտանգելով, կամ սաhմանին մոտիկ ապրող հայ գյուղացու համար մի՞թե դժվար չէ ապրելը, բայց նա չի հեռանում, մնում է իր հողին կառչած: Արդյո՞ք մեզ համար դյուրին է սահմանամերձ բնակավայրում ապրելը, երբ հասցրինք նույնիսկ պատերազմ տեսնել, բայց այստեղ հիմա էլ ապրում ենք:
Իմ զինվոր եղբայրը պիտի իմանա, որ եկեղեցում վառածս մոմերից մեկը միշտ նրա համար է, գիշերվա աղոթքներս նրա համար են, նաև` Արցախիս խաղաղության համար. «Տե՛ր, խնդրում եմ, թո՛ղ ամեն զինվոր հասնի իր օջախը, թո՛ղ նա իր աչքերը բացի խաղաղությամբ, թո՛ղ երբեք չարթնանա թշնամու կրակոցից…»:
Մտքերս ուզում եմ ավարտել զինվորին ուղղված խոսքերով. «Զինվո՛ր, խոնարհվում եմ քո առջև ու խոստանում, որ ընդամենը ամիսներ անց հագնելու եմ համազգեստ` նախ որպես կուրսանտ, իսկ հետո կանգնելու եմ այն դիրքում, որը եղբայրներիս արյամբ է գծվել: Ես երազում եմ ծառայել, զինվորական համազգեստ հագնել: Սա իմ երազանքն է, նպատակը: Արցունքները կոկորդումս խեղդած եմ գրում այս տողերը, երբ նայում եմ կապույտ երկնքին, թերթում մեր գոյամարտի փառավոր էջերը, հիշում հանուն հայրենիքի կյանքը զոհած հավերժի ճամփորդներին: Իսկ երբ ամեն անգամ լսում եմ զոհերի ու վիրավորների մասին, թեկուզ չեմ ճանաչում, սիրտս կտոր-կտոր է լինում:

Զինվո՛ր, զգո՛ն եղիր, հպա՛րտ, ուժե՛ղ  եղիր, քանզի հաղթանակը  կախված   է որակից, այլ ոչ  թե քանակից, իսկ թշնամին չունի  այն ոգու  ուժը, որն ապրում է  քո մեջ:  Ուզում եմ իմանաս, որ  թիկունքում մենք քեզանով ենք ոգեշնչվում, քեզանով ապրում, խաղաղություն, համբերություն  ու  բարի հերթապահություն քեզ, իմ   եղբա՛յր  զինվոր: Սպասի՛ր, մի օր  ես էլ կգամ քեզ հերթափոխելու» »: (Կարապետյան Արմինե):                                                                                                                                                                                Նատաշա    Պողոսյան

Այս նյութը դիտել են - 28649 անգամ