Այսօր Սուրբ Զատիկ է
2017-04-15 23:09:00

Ս. Հարության տոնին միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Այդ սուրբ տոնին ցորեն ենք աճեցնում, որը խորհրդանշում է գարնանամուտը, նաև ածիկը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: 
Այսինքն` ցորենը ցանում ես`մեռնում է, հետո ծլում է, ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:  Ս. Հարության տոնին նաև ձու ենք ներկում: Ներկված ձուն համարվում է հարության և նոր կյանքի խորհրդանիշ:
 Ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: 
 
 Բոլորս էլ գիտենք, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, կանայք գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Հիսուսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչու՞ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ»: 
Ամեն տարի հավուր պատշաճի նախապատրաստվում և լիարժեք նշում ենք այս տոնը, որը շարժական է:
 Կարծես սա այն է, որ երբևէ տարբերություն չի դրվել, թե որքանով է տվյալ մարդը հավատում Աստծուն, այնպես, ինչպես «Աստված իմ» արտահայտությունն է, որ կարող է հնչել ուրախության թե տխրության ցանկացած պահի, կարող է ասել Աստծուն հավատացող կամ գուցե և չհավատացող որևէ մեկը: Պատահում է` թերանում ենք հոգևոր կյանքում, լինում են նաև Աստվածաշնչից շատ քիչ բան իմացող մարդիկ, բայց հաստատուն իրենց հավատքի մեջ, և բոլորս էլ նշում ենք այս տոնը:
Տարիներ առաջ ինձ էլ շատերի նման թվում էր, թե առերես պետք է հանդիպեմ Աստծուն, բայց օրեօր համոզվում և փորձում եմ հոգուս մեջ փնտրել նրան ու տեսնում եմ, որ Աստված ամենուր է` մեր ներսում, մեր հոգու անհունության մեջ, նա մեր մտքի սլացքի հետ է, մեր թևերի ազատ ճախրանքում, մեր սրտի տրոփյունի հետ, ամե~ն -ամենուր...Եվ զգում եմ, որ նա մեր միակ ճշմարիտ ճանապարհն է, մեր իսկական անցած ու անցնելիք կյանքը: 
Այսօր Զատկի տոնին միմյանց ողջունենք «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանենք՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի» օրհնաբանությամբ:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 3860 անգամ