Վերջապե՛ս. ևս մի քանի օր` և Հայաստանի Հանրապետությունը կհայտնվի մոլորակի խոշորագույն արտահանողների ցանկում...
2016-01-17 16:10:00

Ջհանգիր Լֆիկյան


Վերջապե՛ս: Եվս մի քանի օր` և Հայաստանի Հանրապետությունը կհայտնվի մոլորակի խոշորագույն արտահանողների ցանկում: Այդ բաղձալի նպատակակետին մեր երկիրը ձգտում էր անկախության ողջ ընթացքում, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում արտահանման գործերը կարգի գցել, և բոլոր կառավարությունները ձախողվեցին: Ձախողվեց նաև գործող` Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: Սակայն ճակատագրական պահն անխուսափելիորեն մոտենում է, և այն այլևս ոչ մի երկրային ուժ չի կարողանա հետաձգել, անգամ Ադրբեջանը կամ բարեկամական Թուրքիան: Այնպես որ՝ բոլորը ստիպված կհամակերպվեն ազատ, անկախ Հայաստանի հերթական հաղթանակի հետ: Համակերպվելը՝ կհամակերպվեն բոլորը, բայց թե ում բախտ կվիճակվի կարմրել ամոթից և խայտառակությունից այս ամենի արդյունքում` սա է հարցը:

Բանն այն է, որ կարմրել և ինֆարկտից մահանալ ստիպված կլինեն շատերը, քանզի Հայաստանն ամենևին էլ չի պատրաստվում արտահանել ապրանքներ և ծառայություններ. չունենք ոչ նավթ, ոչ գազ, ոչ արդյունաբերություն, ոչ բարձր տեխնոլոգիաներ: Հայաստանը կարտահանի այն, ինչ ունի չափից ավելի, և մարդկային գործունեության այդ հազվադեպ տեսակով գերազանցում է աշխարհի բոլոր երկրները, ներառյալ Միացյալ Նահանգները: Խոսքը խայտառակության արտահանման մասին է:

 

Ինչպես հայտնի է, փետրվարին  երջանկահիշատակ Տիգրան Սարգսյանը  կգլխավորի ԵՏՄ հանձնաժողովը: Ինչո՞վ նա կզբաղվի Մոսկվայում՝ բնակվելով Կոնստանտին Չեռնենկոյի՝ Կուտուզովի պողոտայում գտնվող բնակարանում,: Դժվար չէ կռահել, որ Մոսկվայում նա կանի այն, ինչ արել է Հայաստանում վարչապետության տարիներին: Հակիրճ հիշեցնենք Տիգրան Սարգսյանի ֆենոմենալ նվաճումներն ու նախագծերը մեր երկրում:

Գլխավորելով կառավարությունը, որը բաղկացած էր հիմնականում իր համախոհներից և «լյուբիմչիկներից», ընդ որում՝ այնպիսիներից, ինչպիսիք էին Ներսես Երիցյանը, Տիգրան Դավթյանը, Վաչե Գաբրիելյանը և այլք, Տիգրան Սարգսյանը կատաղի սկսեց բարեփոխել Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի այլանդակած Հայաստանը: Այնպիսի փայլուն նախագծեր մշակվեցին, ինչպիսիք են ավիաշինարարությունը Վանաձորում, նավահանգիստը Գյումրիում և այդ քաղաքի, որի կողքով մի առվակ է հոսում, վերածումը նավահանգստային քաղաքի (սա ֆենոմենալ Ներսես Երիցյանի` այն ժամանակվա էկոնոմիկայի նախարարի նախաձեռնությունն էր): Ավելին, երկիրը ձեռնամուխ եղավ ինովացիաներին, և էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվեց կարճատև ժամկետներում մշակել հայոց էկոնոմիկան ինովացիոն էկոնոմիկա դարձնելու ծրագիրը: Այդ գործով զբաղվեց էկոնոմիկայի հաջորդ նախարար Տիգրան Դավթյանը, որի ղեկավարությամբ նախարարությունը պատրաստեց լայնածավալ, 200 էջանոց մի նախագիծ, իսկ նախարարն անձամբ, համեստաբար և հպարտորեն, դեմքի՝ իրեն հատուկ ինտելիգենտ արտահայտությամբ հայտարարեց, որ փաստաթղթում չի ասվում, թե ինչպես են կառուցում ինովացիոն էկոնոմիկա, այլ ասվում է, թե ինչ բան է ինովացիոն էկոնոմիկան: Փաստորեն, ողջ մի երկրի ողջ մի նախարարություն ամիսներով աշխատել և պատրաստել է մի փաստաթուղթ, որը համացանցից օգտվող ցանկացած դեռահաս կմշակեր մեկ շաբաթում: Էլ որտեղ կարող եք հանդիպել նման ֆենոմենալ նվաճում, եթե ոչ Տիգրան Սարգսյանի Հայաստանում:


Հարկ է մի քանի տողով անդրադառնալ գյուղատնտեսության հաջողություններին: Նշենք այնպիսի նվաճումներ, ինչպիսիք են դասախոսությունները կով կթելու մասին, որոնցից մեկը փայլուն անցկացրեց անձամբ Տիգրան Սարգսյանը, ծիրանագործության զարգացումը, այն էլ` Մոզամբիկից հրավիրված մասնագետներիղեկավարությամբ, որտեղ ծիրան չի աճում, շատ այլ հետաքրքիր բաներ: Դեռ ավելին` Սարգսյանի կառավարությունը հասավ նրան, որ այդ բոլոր ինովացիաները ֆինանսավորեն միջազգային վարկային կազմակերպությունները, իսկ դա նշանակում է, որ այդ գումարները վերադարձնելու են 5-10 հազարով քվեարկող հայերը: Բա հրաշալի չէ՞: Կառավարությունը նախօրոք ընտրողի հետ ֆրանսիական լուսավորիչների հասարակական պայմանագրի տիպի մի պայմանագիր է կապում. տուր ինձ 10 հազար դրամով իշխանության մանդատ, իսկ ես հետո ինովացիաների համար վարկեր կվերցնեմ ու կլափեմ: Ստացվում է այսպես. դու` ինձ, ես` քեզ: Մի խոսքով, աշխարհում նախադեպը չունեցող երկխոսություն իշխանության և ժողովրդի միջև, ընդ որում` փոխշահութաբեր:


Այժմ քննենք բուն խայտառակության արտահանման հարցը: Միանշանակ է, որ Տիգրան Սարգսյանն իր հետ Մոսկվա կտանի իր փայլուն ինտելեկտուալներին, և այս թիմը Եվրասիական միության անծայրածիր տարածքով մեկ (մոտ 20 միլիոն քառակուսի կիլոմետր) կծավալի մի ֆանտաստիկ գործունեություն: Եթե Մոսկվայում հայտնվի, ասենք, Վաչե Գաբրիելյանը՝ այսօրվա փոխվարչապետը, որն այստեղ ինչ-որ արտառոց գժություններով աչքի չի ընկել, ապա նա անպայման ձեռնամուխ կլինի իր զինակից և ընկեր Ներսես Երիցյանի նախագծի իրականացմանը, այն է` Գյումրին դարձնել նավահանգստային քաղաք, բայց այս անգամ` ողջ ԵՏՄ շահերի համար: Ընդ որում՝ նա կառաջարկի ջուրն Ախուրյանի առվակ քաշել Ղրղզստանի Իսիկկուլ լճից: Իսկ ինչո՞ւ: Որովհետև, նախ` Ղրղզստանն էլ է ԵՏՄ անդամ, երկրորդ՝ Ամուր գետից ջուրը Գյումրի հասցնելն ավելի խնդրահարույց և թանկ կլինի՝ հաշվի առնելով Ամուրի աշխարհագրական տեղանքը:

Տիգրան Սարգսյանը, հնարավոր է, կնախաձեռնի Նորիլսկի վերածումը տրոպիկների լրջագույն նախագիծը, և դրա համար կգտնի լրջագույն հիմնավորումներ, այն է` տրոպիկական կլիման չի խոչընդոտի նիկելի արտադրությանը, իսկ այնտեղ աճեցված բանաններն ու անանասները դուրս կմղեն եվրասիական շուկաներից բոլոր արտասահմանյան արտադրողներին:

Տիգրան Սարգսյանը նաև, և սա միանշանակ է, կնախաձեռնի ԵՏՄ տարածքում մեռելոցների ավանդույթը մտցնելը, ինչը, անկասկած, յուրահատուկ կերպով կողջունվի կազմակերպության մահմեդական երկրներում: Իհարկե, կառաջարկվեն բազում այլ ֆանտաստիկ և ցնցող նախագծեր, որոնց մասին, ավա՜ղ, չենք կարողանա խոսել` խելքներս չի հերիքի: Բայց կսպասենք և հաճույք կստանանք:

Բարեբախտաբար, թե դժբախտաբար (ամենքը թող իրենց տեղը որոշեն), խայտառակության արտահանումը երկու տարուց ավելի չի տևի` հենց այդքան է Տիգրան Սարգսյանի մանդատի ժամկետը: Թեպետ ունենք բոլոր հիմքերը ենթադրելու, որ խայտառակության արտահանումը կդադարի ավելի շուտ, քանզի նախագահ Պուտինն էլ է մարդ և ունի նյարդային համակարգ, որը կարող է չդիմանալ ու պայթել, և նա կամ ռադ կանի մեր Տիգրան Սարգսյանին Ռուսաստանից, կամ կնստեցնի:Իսկ Ռուսաստանի բանտերում իր կյանքի մյուս մասն անցկացնելու համար նա բոլոր շանսերն ունի, քանզի անհնար է պատկերացնել, որ Սարգսյանը, ԵՏՄ խնդիրներից զատ,սրբազան Նավասարդի հետ չզբաղվի նաև «քցելով»:

Սակայն սկզբունքորեն հնարավոր է, որ այս ոլորտում էլ նա Ռուսաստանում հաջողակ լինի. պետք է ընդամենը պրոցեսին միացնել ամենայն հայոց կաթողիկոսին և կիսվել նրա հետ, վերջինս էլ փայ կմտնի համայն Ռուսիո պատրիարքի հետ, որն էլ, իր հերթին, հսկայական հեղինակություն է նախագահ Պուտինի համար և անձեռնմխելի է: Այդ ժամանակ արդեն Ռուսաստանում կհոսի հազարավոր Փայլակ Հայրապետյանների արյունը, «ախպերությունը» ազնվորեն կկիսի շահույթը, ինչպես առաջարկում էր երջանկահիշատակ Պանիկովսկին, հարյուր միլիոնավոր դոլարներ կհոսեն դեպի Հայաստան և կդառնան լուրջ ներդրումներ: Մեզ մոտ կսկսվի կատաղի տնտեսական աճ (տարեկան 30 տոկոս), իսկ 2018-ին Տիգրան Սարգսյանը կվերադառնա Հայաստան և, որպես այսօրինակ տիեզերական հաջողությունների հեղինակ, կխնդրի Հովիկ Աբրահամյանին ազատել վարչապետի աթոռը` իր համար:

Հետգրություն

Ոչ ոք և երբեք չի հասկանա, թե ինչպես նախագահ Սարգսյանը, լինելով պրագմատիկ և ռոմանտիկայից ու իդեալիզմից հեռու անձնավորություն, վարչապետ նշանակեց Տիգրան Սարգսյանին, դա էլ քիչ է` ծանր և անբուժելի հոգեկան հիվանդություններով տառապող Ներսես Երիցյանին էլ` նախարար: Հետևաբար, ոչ ոք չի հասկանա, թե ինչ մոտիվներով է ղեկավարվել նախագահը՝ առաջարկելով Սարգսյանին Խրիստենկոյի պաշտոնին: Սակայն պետք է խոստովանենք, որ բախտներս բերեց, քանզի այդ պաշտոնի համար նախագահ Սարգսյանի ձեռքի տակ այնպիսի թեկնածություններ կային, որոնց կողքին Տիգրան Սարգսյանն առնվազն լուրջ մարդ է երևում: Օրինակ, Արթուր Բաղդասարյանը: Կամ Շմայս բռնաբարը: Կամ պրն Լիսկան… Մեկնաբանություններն, ինչպես ասում են, անտեղի են:

 

shame.am

Այս նյութը դիտել են - 1664 անգամ