Մեզ անհայտ Վլադիմիր Գասպարյանը...
2017-03-23 23:15:00
Չես հասկանում` ընտրական սեզոնի հե՞տ է կապված, թե՞ ինքնահաստատման մոլուցքի հանկարծակի բռնկման, բայց փաստ է, որ հատկապես վերջին շրջանում ՀՀ ոստիկանությունը ջանում է փիառվել մի այլ կարգի:
Հիմա էլ, պարզվում է, սեփական կոլեգաներին բաժին հասած լուծը փորձում է թեթևացնել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում նրա հարցազրույցներից ու ելույթներից հատվածաշար է հրապարակվել, ուր Գասպարյանը սեփական խոհերով է կիսվում ինքն իր, ոստիկանության ու աշխարհի մասին ունեցած պատկերացումներով:
Որպես ընթերցող պետք է ասենք` հրապարակումն այդ բավական դրական տպավորություն կարող էր թողնել մեզ վրա, եթե չլիներ մի չափազանց կարևոր հանգամանք` իրականությունը:
Հրապարակումը կամ գրառումն այդ սուր հակասության մեջ է գտնվում այն իրականության հետ, որում այժմ ՀՀ ոստիկանությունը փորձում է ինքնադրսևորվել:
Հիմնական ուղերձը, որ հեղինակը հղում է հասարակությանն, այն է, թե իբր ոստիկանական համակարգն այլևս բարեփոխված է, վերանայել է իր երբեմնի սխալ գործելաոճն ու որպես սեփական գործունեության ու ծառայության ելակետ ընդունում է շարքային քաղաքացուն:
Բայց այդ ամենը բնավ էլ իրականություն չէր դառնա, եթե չլիներ ինքը` Վլադիմիր Գասպարյանն, ով իր ողջ կյանքում ձգտել է ոստիկանական համակարգի կատարելագործմանը:
Սա` հոդվածաշարում, իսկ իրականությո՞ւնն՝ ո՞րն է իրականությունը, այն իրականությունը, որն այսօր բնորոշ է ՀՀ ոստիկանական համակարգին:
Իսկ իրականությունն առավել քան դաժան է, քան ոմանք կարող են նույնիսկ պատկերացնել:
Ոստիկանական անբարո ֆեյքերի հսկայական բանակ, ոտնձգություններ անմեղ մարդկանց դեմ ոչ միայն իրական կյանքում, այլև սոցիալական ցանցերում, զրպարտանք, սպառնալիքներ, վանկարկումներ, անձնական գաղտնի տվյալների`այդ թվում և անձնագրային տվյալների ապօրինի հրապարակում սոցցանցերում, հայհոյանք, լուտանք, մարդկային արժանապատվության ոտնահարում, միտինգների ժամանակ անչափահասների դեմ գործադրվող բռնություններ, անհարգալից վերաբերմունք մեծահասակների նկատմամբ, հայրենիքի համար սեփական կյանքը տված զինվորներիի մայրերի հանդեպ իրականացվող զազրելի արարքներ` ընդհուպ անգամ մարդկանց վրա թքելը և այսպես շարունակ:
Մի խոսքով` իսկական խայտառակություն, որը, սակայն, չգիտես ինչու,պարոն Գասպարյանը փորձում է կոծկել:
Ասում են` ինքնակատարելագործման միակ ճանապարհն ինքնաքննադատությունն է, ունակություն` տեսնելու սեփական թերություններն ու դրանք շտկելու:
Ցավոք, պետք է խոստովանել, որ Վլադիմիր Գասպարյանի մոտ իրականում, հակառակ նրա պնդմանը, այս բոլոր հատկություններն իսպառ բացակայում են:
Նա ջանում է ոստիկանության համակարգը պատկերել անպիսին, ինչպիսին այն երբեք ու ոչ մի պարագայում չի եղել, ու չի էլ լինի, քանի կան մալյաններ, փերիխանյաններ, ահարոնյաններ և ֆեյքերի հազարավոր բանակ:
Ոստիկանապետն ընդամենը ցանկալին ներկայացնում է իրականության տեղ, ինչը խոսում է մեկ բանի մասին:
Այս ամենն ընդամենը շոու է նախագահի աչքը մտնելու համար, իսկ իրականում՝ հանրության նկատմամբ հակառակն է և ուրիշ ոչինչ…
Հատվածներ̀ Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցներից ու ելույթներից..
Այս նյութը դիտել են - 14307 անգամ