Ինչու միջազգային փորձագետները չմասնակցեցին «Հաց բերողի» դիակի դատաբժշկական փորձաքննությանը
2017-03-21 12:04:00

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության կատարման մասին Aysor.am-ի հետ խոսել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ավագ քննիչ Գևորգ Աղաբաբյանը։

«Միջազգային փորձագետներ ներգավելու վերաբերյալ միջնորդությունն ի սկզբանե բավարարվել է և փաստաբան Տիգրան Եգորյանին պարզաբանվել, որ դատաբժշկական փորձաքննությունը նպատակահարմար է կատարել մահվանից մոտ 12-48 ժամվա ընթացքում, ուստի անհրաժեշտ է նշված ժամկետում ապահովել իրենց կողմից մատնանշված փորձագետների մասնակցությունը դատաբժշկական փորձաքննությանը։ Ստացանք հավաստում, որ արդեն ունեն նախնական քննարկումներ փորձագետների հետ։ Մարտի 17-ի երեկոյան վարույթն իրականացնող մարմնին փաստաբանը հայտնեց͵ որ ստացել են Վրաստանից հրավիրված դատաբժիշկ-փորձագետի համաձայնությունը եւ նա մարտի 18-ին մինչև ժամը 13-ը կլինի Հայաստանում:

Սակայն մարտի 18-ին արդեն փաստաբանն ասաց, որ խնդիրներ են առաջացել փորձագետների ժամանելու հետ կապված, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ չեն ժամանելու։ Միջնորդություն ներկայացվեց, որ Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը կատարվի նրա եղբոր՝ տուժողի իրավահաջորդ Արսեն Սարգսյանի և վերջինիս ներկայացուցիչների ներկայությամբ՝ տեսաձայնագրառմամբ:

Նշված միջնորդությունը նույնպես բավարարվել է, տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին է հանձնվել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն կատարելու մասին որոշումը, իսկ տուժողի իրավահաջորդ Արսեն Սարգսյանը ներկայանալով ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ՝ հրաժարվել է մասնակցել դիակի դատաբժշկական փորձաքննությանը:

Նշված փորձաքննությանը տուժող կողմից մասնակցել է միայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը, Արթուր Սարգսյանի դիահերձման գործողությունը տեսաձայնագրառվել է»,- նշել է քննիչը:

Այս նյութը դիտել են - 2341 անգամ