Տիգրան Սարգսյանը քծնում է ՀՅԴ-ին.Նա այսօր ֆեյսբուքյան էջում սիրո խոստովանություն է արել ոչ ավել ոչ պակաս՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությանը...
2016-01-16 12:35:00

ԵՏՄ-ում բարձր պաշտոն զբաղեցրած, Մոսկվայի կենտրոնում շքեղ բնակարանի (Կոնստանտին Չեռնենկոյի) տեր դարձած նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր կյանքի կտրուկ շրջադարձերի թվին որոշել է մեկն էլ ավելացնել: Խոսքը գաղափարական շեղման մասին է: Նա այսօր ֆեյսբուքյան էջում սիրո խոստովանություն է արել ոչ ավել ոչ պակաս՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությանը:

Սարգսյանը մանրակրկիտ անդրադարձել է 125-ամյա ՀՅԴ-ի անցած ուղուն, մեջբերումներ արել երևելի դաշնակցականների գրքերից՝ ունենալով մեկ գլխավոր նպատակ՝ փաստել, որ «եթե չլիներ ՀՅԴ-ի այսպիսի առարկայական և կազմակերպված պայքարը հայկական շահերի համար, եթե չլինեին նրա հազարավոր նվիրյալ ազգային հերոսների անձնվեր և անձնազոհ քայլերը, իմ խորին համոզմամբ, մենք այսօր չէինք ունենա անկախ պետություն»:

Այնուհետև Տիգրան Սարգսյանն անդրադառնում է Դաշնակցության ներկա վիճակին՝ առաջին հերթին հիշելով այն մասին, որ կուսակցությունն ունի համաշխարհային լայն ցանց և ինքնակազմակերպման բարձր մակարդակ, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում բազմապատկել ազգի կարողությունները և ուժը:

Տիգրան Սարգսյանը երբեք ոչինչ հենց այնպես չի անում: Եթե նա իրեն նեղություն է պատճառել նստել, մի ընդաձակ տեքստ շարադրել, այդ նպատակի համար պատմական գրականություն թերթել, կնշանակի մտքին մի բան կա: Իսկ եթե ուշադրություն դարձնենք, թե նա որքան մանրակրկիտ է թվարկում սփյուռքում ՀՅԴ կառույցները, նրա գործունեության ոլորտների բազմազանությունը, ակնարկում Հայ դատի գրասենյակների ցանցն ու բարեգործական կառույցների լայն հնարավորությունները, ապա հասկանալի է դառնում մի պարզ բան. դաշնակների փողերի համը մնացել է ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանի բերանը, ու հիմա նա մտմտում է, թե ինչպես կարելի է սիրաշահելով ու քծնելով ինչ-որ բան կորզել նրանցից:

Հատկանշական է, որ Սարգսյանն իր երկար-բարակ շարադրանքում ոչ մի անգամ չի հիշատակում ՀՅԴ հայաստանյան կառույցը: Սրանք հաստատ նրան որևէ լավ բան այլևս չեն տա, մանավանդ որ հայաստանցի դաշնակների աչքն էլ օվկիանոսից այն կողմ է: Իսկ ահա սփյուռքը միգուցե տա: Չի բացառվում, որ ԱՄՆ-ում անցկացրած ամիսների ընթացքում Տիգրան Սարգսյանն արդեն հասցրել է նրանցից շատերի գլուխը յուղել ու հիմա սպասում է դրա պտուղներին: Իսկ արդյունքը քանի Փայլակ Հայրապետյան կլինի` ցույց կտա ժամանակը:




Shame.am

 

Այս նյութը դիտել են - 1429 անգամ