Հաց բերողի վիճակը կայուն ծանր է Hraparak
2017-03-15 23:11:00

Երեկ Հաց բերող Արթուր Սարգսյանը սուր ցավերով տեղափոխվել էր Հանրապետական հիվանդանոց՝ վիրահատության:

Հիմնադիր խորհրդարանի անդամ Սյուզան Սիմոնյան գրում է, որ այժմ Արթուրի վիճակը կայուն ծանր է․ «Հաց բերողի վիճակը կայուն ծանր է:

Վիրահատությունից հետո քիչ առաջ տեղափոխվեց վերակենդանացման բաժին: Մի քանի օր կմնա արհեստական շնչառության տակ: Բժիշկները հարցիս պատասխանեցին, նա մեզ համար թանկ մարդ է, ամեն ինչ անում ենք»։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հաց էր հասցրել խմբավորման անդամներին։ Նա մեղադրվում է խմբավորման անդամներին աջակցելու մեջ։ Մի քանի ամիս կալանավորված մնալուց հետո, նրան ազատ էին արձակել, քանի որ Արթուրն ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն։

Սակայն ազատության մեջ նա երկար չմնաց։

Նրան կրկին կալանավորեցին, պատճառաբանելով, որ չի ներկայացել նախաքննական մարմին, սակայն փաստաբանները բոլորովին այլ բան են ասում։

Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել, նրա վիճակն օրեցօր ավելի է վատթարանում։ Փաստաբանների խոսքով նա արյան փսխումներ է ունենում։ «Հաց բերողին» կալանավորելուց հետո բողոքի ցույցեր սկսվեցին Երևանում։

Օրեր շարունակ ի աջակցություն նրա Ազատության հրապարակում նստացույցեր են իրականացվում։ Որոնք ունեցան իրենց դրական արդյունքը՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված կալանքի որոշումը փոխվեց։

 hraparak.am

Այս նյութը դիտել են - 2140 անգամ