Ջրառատում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով Լեռնիկ Երանոսյանը տեղափոխվել է հիվանդանոց Armtimes
2017-03-13 03:53:00


Armtimes -ի տեղեկություններով, երեկ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, ձախ այտի սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց:Մեր զրույցում հիվանդանոցից ասացին, որ Լեռնիկ Երանոսյանը տեղափոխվել է Երեւանի հիվանդանոցներից մեկը:

 Հիշեցնենք, որ երեկ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանի կողմից սպառնալիքներ է հնչեցվել գյուղի բնակչի՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ՝ նշելով, որ սույն գյուղապետը ոչ անհայտ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ նույն Երանոսյանի ծննդավայրն է:

Հաղորդագրության մեջ նշվում էր նաեւ, որ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Ատրճանակը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները խլել են նրա ձեռքից եւ վնասազերծել օրինախախտին:

Հիշեցնենք, Դաշինքի հաղորդագրության մեջ նշվում էր, որ ատրճանակով սպառնացող սուբյեկտին կարգի հրավիրելու փոխարեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոստիկանության Էջմիածնի բաժին են բերման ենթարկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրներին:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ատրճանակը եղել է Լեռնիկ Երանոսյանի ձեռքին: Երանոսյանը հիշեցնենք, 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումներից հետո ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով գնդապետ Լեռնիկ Երանոսյանն ազատվեց Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալի պաշտոնից;

 
Այս նյութը դիտել են - 3771 անգամ