DVB-T2-ը ձեր գլխին կպնի...Եվ այս ամենը` հայկական հեռուստատեսության հահա-հիհին դիտելու համար...
2016-01-16 01:11:00

 Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, երեւի, որտեղ քաղաքացուն հեռուստացույց դիտելու հնարավորություն տալը համարվում է սոցիալական օգնություն: Գետինը մտնելու փոխարեն հայրենի կառավարությունը մի բան էլ հատուկ կարգ է սահմանել սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական օգնություն DVB-T2 անունով ինչ-որ մի զռթիկ տրամադրելու մասին: Ստացվում է, որ մյուսները պետք է այդ սարքը գնեն, որպեսզի կարողանան իրենց էկրաններին տեսնել ոմանց` արդեն զզվելիության աստիճան հոգնեցրած մռութները:


Տեսնես անվանապես ո՞վ է մտածել այս ապուշությունը` պետական հեռուստատեսությունը ծախել ժողովրդի վրա, իսկ սոցիալապես անապահովներին էլ, որպես սոցիալական օգնություն, հեռուստացույց դիտելու հնարավորություն տալ:

Դիցուք` Հովիկ Աբրահամյանը գնելո՞ւ է այդ սարքից: Ոչ: Բայց ոչ թե այն պատճառով, որ նրան անվճար են հատկացնելու, այլ այն, որ Հովիկ Աբրահամյանին դա պետք չէ: Հովիկ Աբրահամյանի հեռուստացույցն առանց այդ սարքի էլ գործարանային վիճակում կահավորված է անհրաժեշտ ամեն ինչով: Ժամանակակից կամ թվային հեռուստացույց ունեն շատերը` կառավարության անդամները, վարչության պետերը, նրանց տեղակալները, բանկիրները, բանկերի հավաքարարները, պատգամավորները, նրանց օգնականները… մի խոսքով` գրեթե բոլորը: Եվ ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ DVB-T2 սարք պետք է գնեն մի խումբ մարդիկ, ովքեր, թեեւ սոցիալապես անապահով ընտանիքի անձնագիր չունեն, բայց կարողանում են մի կերպ հաց առնել եւ լույսի փող մուծել: Դրանք հիմնական աշխատանք չունեցողներն են, տատիկի խնամակալ համարվող, բայց տատիկի թոշակով ապրողները, մարդիկ, ովքեր դեռ «պլասկագուբցիով» ալիքներ փոխող հեռուստացույցներ ունեն տներում, գյուղացիներ, ովքեր մտածում են, թե ինչ են ցանելու գարնանը, որ ուտելու բան ունենան, եւ այսպես շարունակ:

Ժամանակին, երբ հեռուստացույցը երեւույթ էր համարվում, մարդիկ միմյանց տուն էին գնում հեռուստացույց դիտելու համար: Մենք հասնում ենք այդ ժամանակները:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 34.6 եւ ավելի անապահովության միավորով հաշվառված 46 հազար 494 ընտանիք, որպես սոցիալական օգնություն, DVB-T2 սարք կստանա: Ի՞նչ է սա: Պարզ ապուշություն: Այսինքն՝ 34,5 անապահովության ցուցիչ ունեցողները չե՞ն ստանա: Բայց չէ՞ որ այդ սարքը գնելու դեպքում տվյալ ընտանիքն այդ պահին ավտոմատ կվերածվի 34,9 նիշով անապահովի: Եվ կամ գրում են. «Օգնությունը կհատկացվի անվճար»: Շատ ներողություն, իսկ «Փարոսը» վճարովի է՞լ է օգնում:

Իսկ գիտե՞ք ինչեր են մտածել այդ զռթիկի հետ կապված կոռուպցիա թույլ չտալու համար: Եթե հանկարծ անապահովը հիվանդ է, տեղաշարժման դժվարություն ունի կամ մի այլ բան, սարքը կարող է ստանալ ընտանիքի անդամը կամ բարեկամը` լիքը թղթեր ներկայացնելու դեպքում: Եվ միակ լուսավոր կետն այս ամենում այն է, որ այդ թղթերը գոնե նոտարի կողմից վավերացնելու կարիք չկա: 
Ասենք` ինչո՞ւ եմ չարչարվում ու պատմում այս ամենը: Կարդացեք իրենց գրածը. «Օգնությունը կարող է ստանալ ցուցակի մեջ ընդգրկված անձը կամ նրա ընտանիքի սոցիալական անձնագրում հաշվառված չափահաս անդամներից մեկը` տարածքային գործակալության կամ բաժնի համապատասխան աշխատողին ներկայացնելով ընտանիքի սոցիալական անձնագիրը եւ իր անձնագիրը: Անձի կողմից օգնության ստացման անհաղթահարելի դժվարության (հիվանդության, ծերության, հաշմանդամության, անշարժունակության) դեպքում, տվյալ տարածքն սպասարկող գործակալության կամ բաժնի իմացությամբ, օգնություն կարող է ստանալ շահառուի հետ ազգակցական կապ ունեցող այն քաղաքացին, որը գործակալություն կամ բաժին կներկայացնի իր եւ շահառուի անձնագրերը, շահառուի ընտանիքի սոցիալական անձնագիրը, ինչպես նաեւ նրա կողմից գրված օգնության ստացման մասին լիազորագիրը (առանց նոտարական վավերացման)»:

Եվ այս ամենը` հայկական հեռուստատեսության հահա-հիհին դիտելու համար:
Մինչդեռ, ընդամենը, պետք էր ի սկզբանե հասկանալ ու ընկալել, որ հեռուստատեսությունը միայն անիմաստ սերիալներ եւ ծիտիկներ ցույց տալու համար չէ, որ այն քարոզչություն է, զենք` մարդու միջից սպառողական հոգեբանությունը հանելու, նրանից քաղաքացի կերտելու, նրան հայրենասիրությամբ ու ազգասիրությամբ տոգորելու, նրա մեջ երկրի ապագայի հանդեպ հավատ ձեւավորելու համար: Մի՞թե այլ երկրներում էլ են նման բան արել` իրենց քաղաքացիներին թողել օտար քարոզչության տակ, ինչ է թե մեկ-երկու մարդ շահ ստանա DVB-T2 զռթիկ վաճառելով:

Կարծում ենք, ցանկության դեպքում, ՀՀ կառավարությունը կարող էր սա անել պետական մակարդակով` որպես հեռուստատեսության առաջին եւ հիմնական շահառու: Գլուխ գովելու, զեկույցներ շռայլելու ինչպիսի՜ հրաշալի առիթ են կորցնում: Դեռ կոռուպցիայի մասին էլ չենք խոսում: Ձեռներեց հայերն սկսել են տակից կամ ծանոթով զռթիկ ծախել: Տարբեր տեղերում տարբեր գներ են: Տեսեք` «չքցեն»:

 Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=99699&l=am/
Այս նյութը դիտել են - 1518 անգամ