Աներոջ հաշվին…
2017-03-07 21:40:00

Չնայած դեռևս նոր է սկսել պաշտոնական քարոզարշավը, բայց արդեն իրար դեմ են պայքարում:
Անկեղծ ասած, դեռ հայտնի էլ չէ ` այն այս անգամ ինչպիսի նրբերանգներով աչքի կընկնի , բայց արդեն իսկ կարելի է հաստատապես ասել , որ ոչ միայն 2017- ի ընտրություններն , այլև դրանց նախորդող շրջանն ունի բոլոր շանսերը ` հավերժանալու մեր երկրի քաղաքական պատմության մեջ:
Այնպիսի ծայրահեղ դրսևորումներ , որոնք ստանում են հենց այս ընտրությունները , երևի թե նախորդ որևիցե նմանատիպ քաղաքական միջոցառում չի ունեցել :
Այն , որ ռեյտինգային ընտրակարգն ուղղակի պատուհաս է դարձել մարդկանց գլխին , ընդ որում ` ոչ միայն շարքային ընտրողների, այլև հենց իրենց ` ռեյտինգային ընտրակարգով առաջադրվածների , քչերը կարող են կասկածի տակ առնել:
Համոզվելու համար անհրաժեշտ է ընդամենը պարբերաբար աչքի տակով անցկացնել՝ ասենք օրվա մամուլն , ու անմիջապես աչքիդ առաջ կհայտնվեն ծեծկռտուքների, զանազան սկանդալների մասին պատմող հոդվածներ ու շատերին դիմակազերծող լրատվական նյութեր՝ է՛լ մարդ են դանակահարում , է՛լ չափալախում , է՛լ հայհոյում ու փչացնում, է՛լ սպառնում սեփական տղայի դեմ չպայքարել և այսպես շարունակ:
Մի խոսքով ` իսկական գլադիատորական մարտեր , ուր հաղթելու շանսեր ունեն միայն ամենից այունարբուները և, որ ամենակարևորն է՝ տերավորները :
Ի դեպ հենց այս վերջին գործոնն է առավելապես վճռորոշ դառնալու ընտրությունների արդյունքների հարցում :
Ռեյտինգային ընտրակարգը խոստանում է թեժ լինել հատկապես քաղաքամայր Երևանում:
Ճիշտ է` մարզերում ևս անակնկալներ այդ ընտրակարգով առաջադրվածները խոստանում են, բայց այն,ինչ սպասվում է Երևանի մի քանի ընտրատեղամասերում, իրոք որ աներևակայելի է:
Բախվելու են «տիտանները»...
Դիցուք` թիվ 2 ընտրատարածքում,ուր մարտի են դուրս եկել «մեջքով» տղերքն,արդեն իսկ սկսել են կրքեր եռալ:
Նշենք, որ այդտեղ միմյանց դեմ են դուրս գալու իշխանականներից Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին`Արման Սահակյանն ու ոստիանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան` Արթուր Գևորգյանն, ով և ասում են, սրանցից ամենամեծ շանսեր ունեցող թեկնածուն է: Թե ինչու հենց նա, դժվար չէ կռահել: Աներ հայրիկը սաղ լինի…
Իսկ այն,որ Վլադիմիր Գասպարյանը միշտ էլ ամեն կերպ աջակցել ու նեցուկ է կանգնել «իր տղային», երևում է հատկապես վերջինիս ունեցվածքի ծավալներից:
ԱՄՆ-ում ԱԺ պատգամավորը` նույն ինքը` Գասպարյանի փեսան, փաստարկված մուլտիմիլիոնատեր է, ում` ԱՄՆ - ում կատարած շոպինգների մասին վերջերս էր հայկական ԶԼՄ-ներից մեկը համապատասխան փաստաթղթեր հրապարակել:
Հիշեցնենք, որ Արթուր Գևորգյանը ԱՄՆ - ում երկու անշարժ գույք էր ձեռք բերել։ Ընդ որում ` կոնդոմինիումներից մեկը ձեռք էր բերել անցած տարվա փետրվարին , ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Վալի Վիլեջ քաղաքում 475 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով , որից 200 հազար դոլար կանխավճար էր տրվել ֆինանսավորող բանկին։
Մեկ այլ առանձնատուն էլ Արթուր Գևորգյանը ԱՄՆ - ում ձեռք էր բերել 2016-ի հոկտեմբեր ամսին՝ այս անգամ Գլենդելում , 520 հազար դոլար արժողությամբ՝ 200 հազար դոլար վճարելով ֆինանսավորող կազմակերպությանը (տես նկարները):
Ակնհայտ է , համենայնդեպս ` ենթադրելի , որ եթե Գևորգյանը Վովա Գասպարյանի պես թափով աներ հայրիկ չունենար , նրան ոչ միայն չէր հաջողվելու նման ունեցվածքի տեր դառնալ , այլև քաղաքական կարիերա անել :
Ինչ վերաբերում է եռացող կրքերին , ապա այստեղ , ինչպես հայտնի է , ակտիվ դերակատարմամբ է հանդես գալիս հենց Վլադիմիր Գասպարյանն , ով , ինչպես գրել էր մամուլը , մրցապայքարի մեջ է մտել հատկապես գեներալ Հայկազ Բաղմանյանի հետ ` ՍԱՍ - ի Արտակին հովանավորողի ` զգուշացնելով վերջինիս՝ իր տղային ձեռք չտալ , թե չէ վատ կլինի :
Ավելին` երբ ՍԱՍ - ի Արտակը փորձել է գործի դնել գործածվող տեխնոլոգիաներից մեկն ու փորձել իր ընտրողներին վերագրանցել , նրա առաջն առել է նույն ինքը ` Արթուր Գևորգյանն ու հիշեցրել քաղաքական ախոյանին ` որ ՕՎԻՐ - ի դռները նրա առաջ փակ կլինեն :
Ու հիմա , ասում են , ամենավատ դրության մեջ հայտնվել է ՍԱՍ - ի Արտակն , ով , ամենայն հավանականությամբ , առաջիկայում ստիպված է լինելու բավարարվել ընդամենը բիզնեսմենի « շարքային » կարգավիճակով :
Եվ այսպես , ի՞նչ կարելի է այսքանից հետո մտածել , կամ նորմալ մարդու մոտ ինչ տպավորություն կարող է ստեղծվել ` ականատես դառնալով այս խայտառակ գործընթացներին:
Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է այն անբարո մթնոլորտի մասին , որ ներկայումս տիրում է Հայաստանի ներքաղաքական կյանքում :
Կարևորագույն նպատակն աթոռն է , ու թքա՛ծ , թե դրան հասնելու ճանապարհին ինչերի չեն դիմի , ինչ թույլատրելի ու անթույլատրելի միջոցներ չեն կիրառվի: Քաղաքականությունը զոհեր է պահանջում , որի դերում , իհարկե , հանդես է գալիս ինքը ` ժողովուրդը : Բա հո Վովան հանդես չէր գալու …
Ալեքսանդր Գրիգորյան

 
Այս նյութը դիտել են - 21090 անգամ