Հանրապետական կոնգրեսականները խուսափում են հասարակության հետ հանդիպումներից Amerikayidzayn
2017-02-28 14:02:00

Թրամփի վարչակազմի օրոք Կոնգրեսի առաջին արձակուրդն այնքան էլ հաճելի չէ նախագահի կուսակից մի շարք կոնգրեսականների համար։ Այս ընթացքում կոնգրեսականները վերադառնում են իրենց նահանգներ, ու կանգնում ընտրողների սուր հարցերի առջեւ։

ԱՄՆ-ի կոնգրեսականները Կոնգրեսի արձակուրդների ընթացքում սովորաբար անցկացնում են հանդիպումներ հասարակության հետ։ Սակայն Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո Կոնգրեսի առաջին արձակուրդի ժամանակ նրա կուսակից կոնգրեսականներն ինչ որ կերպ խուսափում են այդ հանդիպումներից՝ փորձելով խուսափել նաեւ իրենց ընտրողների սուր հարցերից։

Այդ պատճառով իրենց ընտրյալներին հանդիպելու համար ամերիկացիները բողոքի ցույցեր են անցկացնում նրանց գրասենյակների առջեւ։ Իսկ բողոքը հիմնականում նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության դեմ է։ ՝՝Թրամփին ընդդիմանալու երեքշաբթիներ՛՛ անվանումը ստացած շարժումը որոշել է ցույցեր անցկացնել ամեն երեքշաբթի։
Նույնիսկ ուժեղ հանրապետական նահանգներում, ինչպես օրինակ Արիզոնայում, կոնգրեսականները փնտրում են հանդիպումներից խույս տալու ուղիներ։ Սենատորներ Ջոն Մաքքեյնը եւ Ջեֆ Ֆլեյքն ասում են, թե կուզենային անցկացնել քաղաքապետարանում հանդիպումներ, ՝՝սակայն եթե ցուցարարները պիտի խանգարեն լսել միմյանց, նման հանդիպումների կարիք չկա՛՛։

Քոննեքթիքութ նահանգում էլ կոնգրեսական Քլաուդիա Թենեյն ասել է, թե չի անցկացնելու հասարակական հանդիպումներ, քանի որ նախապես ստացել է հեռախոսային սպառնալիքներ։
Կոնգրեսական Փոլ Գոսարի նահանգում՝ Արիզոնայում դեմոկրատները դուրս եկան փողոցներ այն բանից հետո, երբ նա չեղյալ հայտարարեց քաղաքապետարանում նախատեսված իր հանդիպումը։ Սակայն այստեղ էին եկել նաեւ նրանք, ովքեր ասում են, թե Գոսարը եւ նախագահ Թրամփը ներկայացնում են այս շրջանի արժեքները։

Սակայն մարդիկ հավատում են, որ չնայած հասարակական հանդիպումներից խուսափելու հանրապետական կոնգրեսականների որդեգրած դիրքին, իրենց անպատասխան մնացած հարցերը կհասնեն Վաշինգտոն, երբ Կոնգրեսը սկսի նոր նստաշրջանը։

amerikayidzayn.com

Այս նյութը դիտել են - 3030 անգամ