ՆՈՐՕՐՅԱ ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐ...
2017-02-21 23:36:00
Պաշտում եմ Հակոբ Պարոնյանի ստեղծագործությունները:
Հատկապես՝ ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ:
Ու երբեք մտքովս չի անցել, որ ժամանակներ են փխվելու, որ շատերս հայտնվելու ենք մեծ երգիծաբանի հերոսների տեղը:Գաղտնիք բացեմ՝ հենց սրա պատճառով թողեցի աշխատանքս: Ով հեռուստատեսության ղեկավար էր նշանակվում, հաղորդաշարերի հեղինակներիցս պահանջում էր գովազդներ ու հովանավորներ «հայթայթել»: Ամենաանպատվաբեր գործը ՝ հովանավորողի մունաթներով համեմված: Ով չէր կարողանում ՝ իր հաղորդաշարի հետ հայտնվում էր մի լուսանցքում, որից ներս մտնելը հետագայում այնքան էլ դյուրին գործընթաց չէր:
Ինչո՞ւ հիշեցի Հակոբ Պարոնյանին :
Ես լուսանցքում երբեք չեմ հայտնվել, միշտ հովանավոր ճարել եմ, և դա ոչ թե իմ շնորհիվ , այլ՝ հաղորդաշարերիս:
Հերթական ,«մուրացկանությանն» էի գնացել այսօր էլ շատ հայտնի գործարարի մոտ: Լավ էլ գումար էր տալու: Սուրճ խմեցինք: Մի անեկդոտ պատմեցի / իբր ես էլ անեկդոտ պատմող էի, բայց ստիպված պատմեցի՝ մթնոլորտը ավելի ջերմ դարձնելու համար / : Գործարար ընկերս ծիծաղից թուլացավ, նույնիսկ ձեռք- ձեռքի սիլլայեցինք: Ես է՛լ ավելի սրտապնդվեցի՝ ուրեմն գործարքս հաջող ավարտ է ունենալու:
Մի անեկդոտ էլ ինքը պատմեց: Անեկդոտ պատմելու մեջ ինձանից ավելի անհաջողակ երևաց: Ես չհասկացա անեկդոտի իմաստը, բայց ինքն իր պատմածի վրա այնպես էր ծիծաղում, որ աչքերից արցունք էր թափվում: Ստիպված ես էլ բարձրաձայն ծիծաղեցի՝ չիմանալով ծիծաղիս իմաստը: Որպեսզի ծիծաղս իմաստավորվի՝ ինձ դրեցի Պարոնյանի հերոսների տեղն ու ծիծաղում էի: Ծիծաղում էի նորօրյա մեծապատիվ մուրացկաններիս վրա;
Իսկ գործարար բարեկամս շատ լուրջ նայում էր ինձ ու զարմացած հետևում իմ ծիծաղին....
Դրանից մի քանի շաբաթ հետո աշխատանքից ազատման դիմում գրեցի:
Սպարտակ Ասոյան
Այս նյութը դիտել են - 4604 անգամ