Մարտակերտում սուգ է… Աղոթենք և վառենք մոմերը հոգեհանգստյան
2017-02-21 09:41:00
Վառենք բոլոր մոմերը, վառենք համատարած…Նորից սարսափելի բոթ, մի նոր մահասարսուռ գույժ, որ բոլորիս անակնկալի բերեց: Անժամանակ կյանքից հեռացավ Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ, տեր Բարսեղ քահանա Անդրյանի ավագ որդին` քսանվեց տարեկան Սահակ Անդրյանը` Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտ: 
Ասում են` հոգին Ավետարան է, որ սերմանում է սեր ու գութ, արդարություն ու իմաստալից կյանք: Եվ այդ սերն է տարիների ընթացքում տեր Բարսեղ քահանան սփռել ամենուր: Քանի~քանի օրհնության կարգ է կատարել, քանի~ հուշաքար ու խաչ է օրհնել, քանի~քանիսն են քաջալերվել նրա խոսքերով, քանի~ հավերժի ճամփորդ դարձած հերոսների է ուղղել իր աղոթքներն առ Աստված… Որպես վսեմ խորհուրդ` քանի~ հոգեհանգստյան արարողակարգ է կատարել և որքա~ն պատարագ մատուցել…
Բայց այս անգամ հարազատ որդու հոգու հագստյան համար պիտի հնչեն աղոթքները, վառվեն մոմերը համատարած, որ լույսի առկայծումներում մեր մրմունջները հառնեն առ Աստված: 
 Ես Սահակին տեսնում եմ դպրոցական տարիներին, պարզ ու հասարակ, շատ անմիջական, ազնիվ ու միամիտ բռնկումներով, նրա հանդեպ տածած մեր անկեղծ ապրումներով, որ առերեսվում էր բոլորի հետ իր այնքան մաքուր ժպիտների անսահմանությամբ: Ես նրան տեսնում եմ իմ բնակարանում` հայոց լեզվի դասագիրքը ձեռքին, որ յուրացնում էր առարկան` բարձրագույն ընդունվելու համար: 
Նա ինձ երևում է իր անձնական ապրումներով, որ երբեմն իր ուսուցչուհու կողմից հույս էր ներարկվում, երբեմն ասելիք, որ խորհուրդ ուներ և կամ` կյանքի փորձ: Նա ինձ երևում է առնական դարձած, շատ գեղեցիկ երիտասարդի կերպարանքով, որ եկել էր դպրոց, ու հանկարծ տեսա… Մեր զրույցում նա ուրիշ էր` մեծացած, հավասարակշիռ, կյանքի դասերով իմաստնացած: Ասաց, որ սովորում է բուհում և համատեղում ընտանիքի տնտեսական գործերը:
Այսօր մեր հոգին էլ արնոտված է, բոլորիս կողմից հարգված ու ճանաչված այդ ընտանիքի, նրանց բոլոր հարազատների ցավն է մեր մեջ, մեր մտածումն էլ մի ըմբոստ ընդվզում է աշխարհի չարի դեմ, որ իր հետ մահ է բերում:
Սա հոգեկսկիծ ցավ է, որ մտավ մեր էության մեջ, որպեսզի բարձրաձայնի, որ այդ ընտանիքին ու բոլորիս պատուհասած այդ մղձավանջի մեջ երազանքներ կան կիսատված: Այս ողբերգությանը սգերգի լալահառաչ ու մելամաղձոտ արձագանքն է լսվում ամենուր, և հնչում է սարսռազդու խոսքը բոլորիս. «Աղոթենք…Աղոթենք Սահակի հոգու հանգստյան համար…Աղոթենք ու վառենք մոմերը հոգեհանգստյան…»:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 17138 անգամ