Այն օրերին մենք «մի՜ա՜ցու՜մ» էինք վանկարկում
2017-02-20 12:11:00

Հիշողություններով այն օրերի հետ եմ: Անհնար է նկարագրել 1988-ի փետրվարյան օրերը, երբ ամբողջ Արցախը ոտքի էր կանգնել: Խորհրդային երկրում երևութական վերակառուցումը արցախցուն հանել էր հրապարակ, մի բուռ ժողովուրդ պայքարի ճիգերով ու անմահության ելևէջումներով դուրս էր եկել ցույցերի ու երթերի` արդարոււթյուն պահանջող կոչերով ու բողոքներով: Գիշեր ու ցերեկ իրար էին խառնվել, որտեղ ցերեկներն անհանգիստ սպասումների երկարատև շղթա էին, գիշերները` թաքուն դավերի, անսպասելի շրջադարձերի ժամեր:
Ամբողջ հայության պահանջն էր` Արցախը հանել Ադրբեջանի կազմից, միացնել Հայաստանի Հանրապետությանը: Արցախցին տասնամյակներ շարունակ հոգու խորքում պահած դժգոհությունն էր արտահայտում, և ամենուր հնչում էր այն աներեր վճիռը, որ «մի~-ա~-ցու~մ» էր վանկարկում ամենուր... Ձմեռ էր, ցուրտ, օդը շիկացած էր այդ միակ բառից, որ մեզ հանել էր մեր տներից:
Հայաստանը մեզ հետ էր, ամբողջ Երևանի փողոցներն ու հրապարակները լցված էին մարդկանցով, որ պահանջում էին հարգել արցախցիների որոշումը: Ոտքի էին ելել նաև սփյուռքահայությունն ու խորհրդային մյուս հանրապետություններում ապրող հայերը: Գրվում էր հայ ժողովրդի պատմության փառավոր էջերից մեկը` վրեժի հատուցման ցանկությամբ, հույսի առկայծումներով, ազատ ապրելու իրավունքով:
Մարտակերտի հասարակության մեջ շարժման առաջնորդներից Վիգեն Շիրինյանն առաջինը մտավ պայքարի մեջ, այսօր էլ հիշում եմ նրա ելույթը, որ արյուն պիտի թափվի, եթե պետք լինի, կզոհաբերի անգամ իր զավակներին: Բայց նա չտեսավ հաղթանակը, վեց երեխաների հայրը արկի բեկորից զոհվեց. դեռ որքա~ն շատ գործեր ուներ անելու…
Արցախի ժողովուրդն սկսել էր իր պատմական առաքելությունը, սակայն ազերիների մի անտեսանելի ուժ հանգիստ չէր տալիս այս լեռնաստանի հայությանը: Այսօր էլ հիշում եմ, որ ճանապարհներն էին փակում, ծեծում, սպանում մենավոր հայ ուղևորներին, ավտոբուսներն էին քարկոծում, ուղևորների վրա հարձակումներն էլ դարձել էին սովորական:
Ամբողջ հայությունը ոտքի վրա էր, պայքարի ելած և «միացում» վանկարկող հայոց աշխարհը գնաց դեպի Արցախյան ազատամարտ, դեպի նոր հաղթանակներ: Արցախցին ելավ պայքարի, զգաց, որ հայրենիքն ուրիշ է…Հասկացավ, որ արևն այստեղ ջերմացնում է հարազատորեն, հողը երկնում է մայրորեն, ծիածանները գունազարդվում են պայծառորեն: Զգաց, որ հայրենիքը կապույտ հորիզոնների անսահմանությունն է, երկնակարկառ լեռների քարեղեն հավերժությունը: Զգաց ու պայքարի ելավ` փրկելու հայրենիքը, որ դարձել էր նահատակների արյունով սրբագործված նշխար:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 2123 անգամ