Կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայական տալու գործ.մեղադրյալներից երկուսը ոստիկան են. ՀՔԾ Hayacq
2017-02-20 02:19:00

Փաստացի ավտոմեքենա վարելու հմտություններ չունեցող անձին կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության բոլոր հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում` 2 ոստիկանի:

ՀՔԾ-ից հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակիչ Մովսես Մանուկյանը վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Ժորա Չերքեզյանին, ով համոզել է իր միջոցով 145.000 դրամի կաշառք տալ ՀՀ ոստիկանության  «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձանց` խոստանալով կազմակերպել քննությունների անխոչընդոտ հանձնումը եւ վարորդական իրավունքի վկայականի ստացումը:
Մ. Մանուկյանը սկզբում համաձայնվել եւ պայմանավորվել է մի քանի օր անց հանդիպել, սակայն հետագայում մտափոխվել է եւ այդ մասին տեղեկացրել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը:
Այնուհետեւ, պայմանավորված օրը՝ 21.02.2016 թ.-ին, Մ. Մանուկյանը օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում ԱԱԾ աշխատակիցներից ստացած համապատասխան գումարը փոխանցել է Ժ. Չերքեզյանին, ով իր ծանոթ Աշոտ Խաչատրյանի  եւ ոստիկանության ծառայողական ավտոմեքենայի վարորդ Արամ Օհանյանի միջոցով կաշառքը փոխանցել է ՀՀ ոստիկանության ՃՈ Երեւանի հաշվառման-քննական բաժնի աշխատակից Գեւորգ Թադեւոսյանին:
Վերջինս, սակայն, գումարը չի փոխանցել հիշյալ բաժնի պաշտոնատար անձանց, այլ, օգտագործելով նրանց հետ ունեցած անձնական կապերը, կազմակերպել է Մ.Մանուկյանի կողմից տեսական եւ գործնական քննությունների անխոչընդոտ հանձնումը: Մասնավորապես, Մ. Մանուկյանը տեսական քննության ժամանակ առանց հարցերին լիարժեք պատասխանելու գնահատվել է դրական եւ գործնական քննությանը մասնակցելու հնարավորություն ստացել:
Գործնական քննության ընթացքում թեպետ Մ. Մանուկյանը ավտոմեքենան վարել է ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներով, սակայն հաշվառման-քննական բաժնի տեսուչներ Արման Հարությունյանը եւ Հարություն Գրիգորյանը, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, խախտել են ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները եւ առանց օրինական հիմքերի քննությունների արդյունքները գնահատել դրական:
Արդյունքում, տեսական գիտելիքներ եւ փաստացի ավտոմեքենա վարելու գործնական հմտություններ չունեցող Մ. Մանուկյանը ստացել է «B» եւ «C» կարգերի վարորդական իրավունքի վկայական:   
Այսպիսով, Ժ. Չերքեզյանի դրդչության արդյունքում Մ. Մանուկյանը իր վարորդական իրավունքի վկայականը ստանալու համար փորձել է կաշառք տալ պաշտոնատար անձանց, իսկ Ա. Խաչատրյանը եւ Ա. Օհանյանը կատարել են բոլոր անհրաժեշտ գործողությունները` նշված գումարը պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց փոխանցելու համար, սակայն Գ.Թադեւոսյանի կողմից այն վերջիններիս չփոխանցելու պայմաններում հանցագործությունն ավարտին չի հասցվել։   
Կատարած հանրորեն վտանգավոր արարքների համար Ժ. Չերքեզյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Խաչատրյանին եւ Ա. Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով, Գ. Թադեւոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ա. Հարությունյանին եւ Հ. Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Ա. Օհանյանն ու Գ. Թադեւոսյանը կալանավորվել են: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
hayacq.com
Այս նյութը դիտել են - 1601 անգամ