Պաշտոնյաների ու արտաքին աշխարհի միջեւ կապ պահողներն ու փայփայողները մամուլի խոսնակներն են, այլ կերպ ասած՝ նրանք մերօրյա «թիկնապահների» քաղաքակիրթ տեսակն են: Քաղաքականության մեջ խոսնակները հաճախ դառնում են «գլխավորի» ականջն ու լեզուն, քանի որ նրանց միջոցով են լրագրողները կապ հաստատում այս կամ այն պաշտոնյայի հետ, երբեմն էլ նրանց միջոցով են պաշտոնյաները «պաշտպանվում» այս կամ այն լրագրողից, հարցազրույցից, ուղիղ եթերից:
Կարելի է արձանագրել, որ Հայաստանում եւս տարեցտարի ավելի ու ավելի է կարեւորվում խոսնակի դերը: Դրա վկայությունն այն է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մամուլի հետ աշխատանք տանողները կուսակցությունների եւ դաշինքների համամասնական ցուցակներում հայտնվել են բավականին բարձր հորիզոնականներում:
Այսպես, մամուլի հետ աշխատող մարդկանց ամենից շատը իր ցուցակում տեղ է տվել այսօրվա քաղաքական մեծամասնությունը: ՀՀԿ-ի համամասնական ցուցակում առաջին խոսնակը կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն է, ով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
Նախկին խոսնակներին եւս չեն անտեսել, Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ, այժմ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, 2013-2015թթ նախագահի խոսնակ, այժմ Հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանը ցուցակում զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը։
Վարչապետ Կարեն Կարապետյանի Երեւանի քաղաքապետ եղած տարիներին, նրա մամուլի խոսնակ, իսկ այժմ խորհրդական Շուշան Սարդարյանը նույնպես ընդգրկված է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում` զբաղեցնելով 20-րդ հորիզոնականը: ՀՀԿ-ի 197 հոգանոց ցուցակում մեծ տեղ են հատկացրել նաեւ պաշտոնյաների օգնականներին:
Երեւանի քաղաքապետի օգնական, Երեւան քաղաքի տուրիզմի ոլորտը համակարգող, իսկ ներքին կարգով նաեւ Տարոն Մարգարյանի PR-ով զբաղվող Մարիա Բարաղամյանը ցուցակի 59-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին եւս ընգրկել են համամասնական ցուցակում․ նա այնտեղ երկրորդ կին թեկնածուն է։
Ծառուկյանը նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանին էլ թերեւս կընդգրկեր ցուցակ, եթե չլինեին ներկուսակցական ինտրիգները: ԲՀԿ-ի նախկին խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ով այդտեղից դուրս գալուց հետո ստեղծեց «Ալյանս» կուսակցությունը, այժմ Ծառուկյան դաշինքում 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
«Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի խոսնակ Արեգնազ Մանուկյանը, որը բրիֆինգների, ասուլիսների ժամանակ փորձում է «փախցնել» բանախոսին, տեղ է գտել համամասնական ցուցակի13-րդ հորիզոնականում։
Լրատվության հետ կապերի դերը կարեւորել է նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ «ՕԵԿ» -ի նախկին խոսնակ Արթուր Միսակյանին գրելով ցուցակի 8-րդ հորիզոնականում, իսկ կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանին` 6-րդ հորիզոնականում։
«Հայ ազգային կոնգրեսն» օրերս հրապարակեց իր համամասնական և ռեյտինգային ընտրացուցակները: Համամասնական ցուցակում կա 141 անուն, որտեղ կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը 21-րդն է։
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահ աշխատելու տարիներին խոսնակ աշխատած Լեւոն Զուրաբյանը, ով այժմ ՀԱԿ խմբակցության ղեկավարն է, այժմ ցուցակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին խոսնակ Ալեն Սիմոնյանը «ԵԼՔ» դաշինքի ցուցակում 14-րդ հորիզոնականն է զբաղեցնում, նա առաջադրել է նաեւ իր թեկնածությունը թիվ 4 ընտրատարածքում։
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախկին խոսնակ, ներկայումս կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը համամասնական ցուցակում 6-րդն է, այժմյան խոսնակ Սոնա Մինասյանը` 8-րդը:
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Այս նյութը դիտել են - 2232 անգամ