«Վովա Գասպարյանին ասա, թող գա դերասանության դասերի». Թամար Հովհաննիսյան «Առավոտ»
2017-02-12 21:22:00

Այսօր ՀՔԾ-ի շենքի դիմաց, ի պաշտպանություն «Սասնա ծռերին» «հաց բերող» Արթուր Սարգսյանի ակցիայի ժամանակ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը դիմեց ոստիկաններից մեկին ու հորդորեց՝ «Վովա Գասպարյանին ասա, թող գա դերասանության դասերի:

 Ես վաղուց եմ իրեն խոստացել, որ դաս կտամ: Էդ մեծ կատակերգուին ասա, թող գա դասերի»: Հետո ակցիայի մասնակիցները ոստիկանին հորդորեցին հետը ՀՔԾ-ի շենք երկու հատ հաց տանել: Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցներն  այսօր բողոքի ակցիան սկսել էին՝ «հարամ լինի ձեր հացը» գրությամբ մի տոպրակ հաց ՀՔԾ-ի շենք մտցնելու փորձով: Հիշեցնենք նաեւ, որ երեկ Արթուր Սարգսյանին կրկին երկու ամսով կալանավորելու որոշում է ընդունվել: «Ես ձեր մոտ եմ եկել»,- ասաց ոստիկանը՝ հրաժարվելով հացից:

Ակցիայի մասնակիցներն էլ ասացին՝ այդ դեպքում Արթուր Սարգսյանի լուսանկարով պաստառը բռնիր ու կանգնիր, ինչից ոստիկանը հրաժարվեց: Նշված ոստիկանը հետո դիմեց Թամար Հովհաննիսյանին, հետաքրքրվեց՝ ինչ է նրա անունը. «Ես օրինակ ներկայանում եմ՝ Արաբկիրի ոստիկան..» :

Ակցիայի մասնակիցներին մոտեցավ մեկ ուրիշ ոստիկան, հետաքրքրվեց՝ ինչ են պահանջում, Սյուզան Սիմոնյանն ասաց՝«Այս հիմնարկի աշխատակիցների համար հաց ենք բերել, որ հացի արժեքն իմանան»:  

Ոստիկանն էլ շնորհակալություն հայտնեց, հորդորեց չփակել շենքի մուտքը եւ չխանգարել այդ հիմնարկի բնականոն աշխատանքը: Ակցիայի մասնակիցներն ակցիան եզրափակեցին իրենց բերած հացը անցորդներին բաժանելով ու հիշեցնելով Արթուր Սարգսյանի արարքը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ   

aravot.am

Այս նյութը դիտել են - 2080 անգամ