Այսօր տեսա նրան քարացած ու հավերժության ճանապարհին
2017-02-09 10:48:00
12-րդ դասարանում այսօր իմ ծրագրային դասանյութից շեղվեցի…Այն արիության դաս էր Գեղամ Մանուկյան քաջազուն հայորդու մասին: Դասարանի քար լռությունը ճեղքեց իմ ձայնը… Ծանր տրամադրությունը համակեց բոլորիս… Արցունքի կտորներ կային այնտեղ, ինձ սևեռված հայացքներ: 
Ժամեր հետո ես տեսա նրան քարացած ու հավերժության ճանապարհին…  Զինվորական համազգեստով էր նա` մի շարք պետական պարգևների արժանացած ազգի նվիրյալը: Եվ ափսոսանքը խեղդում էր ինձ, որ մեր կողքին կենդանի լեգենդ կար, իսկ մենք չգիտեինք:
Բազմաթիվ նկարների մեջ փնտրում եմ նրան, համեստությունը նույնիսկ նկարվելու մեջ էր, որ տեսանելի չլիներ, այնպես, ինչպես գործն էր անտեսանելի շատերիս համար: Երբևէ մեծարանքի ու հպարտության խոսք չկար մեր կողքին ապրող հերոսի մասին, ով իր զինվորական գործը գերադասեց անձնական հոգսերից, ապրեց շրջապատի աշխարհից թաքցրած իր մաքառումները, դարձավ զինվորների կողմից սիրված հրամանատար, արժանացավ պետական պարգևների, ստացավ փոխգնդապետի կոչում, վիրավորվեց, բայց նորից վերադարձավ դիրքեր, թոշակի անցավ, բայց նորից շարունակեց զինվորական ծառայությունը:
Կհավատա՞ ինձ աշխարհը, որ այս փոքրիկ քաղաքում քսան տարվա մեջ հայրենիքին զինվորագրված նվիրյալին տեսել եմ միայն երկու անգամ: Առաջինը պատահաբար էր. փորձել եմ կողքով լուռ անցնել, չէի ճանաչել, բայց նրա ժպիտը կանգնեցրել է ինձ: Երեխայի նման անմեղ հայացքով իր ուսուցչուհուն հասկացրել է, որ ինքն այն տարիներ առաջվա դպրոցականը չէ, հիմա ուրիշ է, մի ուրիշ մարդ, ում ես դեռ չեմ ճանաչում: Երկրորդ հանդիպումը մտերմիկ միջավայրում էր, բայց այդ ժամանակ էլ հայրենի հողին նվիրված իր մարտական ոգով անտեսանելի մնաց ինձ:
Ես ցավում եմ այսօր, որ չհասցրի նրան ճանաչել, երբ նա իմ առջև նստած աշակերտուհու հայրն է, իմ կողքին աշխատող ուսուցչուհու որդին, ես չհասցրի նրան ճանաչել, երբ ամեն անգամ առիթից առիթ գործի բերումով հանդիպում էի նրա հայրիկին կամ պատահաբար տեսնում էի քրոջը: Լռության քողով էր պատված ամեն ինչ, նա չէր սիրում բարձրաձայնել, և բոլորը լուռ էին: Եվ այդպես լուռ նա ապաքինվեց, երբ ականից վիրավորված էր, հարազատներն այդ նույն լռությամբ ապրիլյան օրեր ապրեցին, երբ Գեղամն առաջնագծում էր: Համեստորեն լռեցին նրանք` չիմանալով, որ մի օր այդ լռությունն ահեղագոչ կաղաղակի` ի լուր աշխարհի, որ մեր կողքին ապրում էր ազգի նվիրյալ մի հայորդի:
Այս օրերին լռության շղթան քանդվեց, այն քանդվեց, որ անմահացած հերոսի մասին լեգենդներ պատմեն, ով իր սխրանքների կողքին լռությունն էր գերադասում:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 6077 անգամ