Դինոզավրեր, ճամփա տվեք ջահելությանը, դուք այլևս չեք նայվում
2017-02-08 17:30:00

Մի ձևացրեք, իբր չեք լսում ժամանակի ոտնաձայնը...

Տասնամյակներ առաջ մի դերասանուհի կար Երևանի թատրոններից մեկում` մի անգամ, Նոր Տարվա շեմին նստած էինք բուֆետում, դերասանուհու թոռանն ինչ որ մեկը նարինջ էր տվել: Թոռը պատրաստվում էր կեղևել նարինջը, երբ տատը տեսավ, արագ վերցրեց ձեռքից ու աչքերը պլպլացնելով բացականչեց,-
- Որ չուտեմ` կմեռնեմ:
Ու չփչփացնելով կերավ, երեխային ոչինչ չտալով: 
Դինոզավրեր, ձեր ժամանակը վաղուց անցել ա, էդպիսին են բնության օրենքները, համակերպվեք: Ու ճամփա տվեք ջահելությանը, դուք այլևս չեք նայվում, այլևս չեք լսվում, ձեր վրայից ծերության քաղցրաթոշնած հոտ ա գալիս, դուք խեղդում եք ժամանակն ու երազանքները: Դինոզավրեր, եթե ինքնամոռաց, տանջալից, անխնա աշխատանքով չեք փորձելու քավել ձեր հին, փոշոտված մեղքերը, եթե էլ բան չունեք տալու, վերադարձնելու հողին, ջրին, մարդկանց, երեխաներին /թե ասա` դուք երբ եք վերջին անգամ տվել/` քաշվեք մի կողմ ու ծամելով լուռ նայեք, թե ոնց են ձեր մեղքով քաղցած մնացած երիտասարդներն այնուհանդերձ շենացնում էն ամենն ինչը դուք մաս-մաս քերելով, պոկելով ու պլոկելով քանդեցիք, թուլացրեցիք, բայց էդպես էլ չկարողացաք հիմնահատակ փլել: 
Չեմ ասում բոլորդ անազնիվ եք, ձեր մեջ անշուշտ ազնիվներ էլ կան: Նրանք, ովքեր ինքնասիրությունը դեռ լրիվ չկորցրած` պիտի որ սուսուփուս, աննկատ հեռանան: Գիշերով, ոտնաթաթերի վրա:

Ասես երբեք չեն էլ եղել:

Երբեք, երբեք…

Քրիստ Մանարյան

Այս նյութը դիտել են - 3714 անգամ