ԿԸՀ-ն չի քննարկում ընտրությունների օրը փոխելու հարցը
2017-02-01 17:20:00


Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին   առաջադրվելու համար  կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները  1 շաբաթից պակաս ժամանակ ունեն: Ըստ հաստատված ժամանակացույցի՝  գրանցման համար պահանջվող փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն  փետրվարի 6-ից 16-ն ընկած ժամանակահատվածում: Հաջորդող 10 օրերի ընթացքում արդեն հանձնաժողովը պետք է ուսումնասիրի դրանք ու  գրանցի ընտրական ցուցակները: Արդյո՞ք կփոփոխվի այս ժամանակացույցը ընտրությունների օրվա հնարավոր  փոփոխության դեպքում կամ արդյո՞ք ԿԸՀ-ում քննարկում են փոփոխության սցենարները:  Պարզաբանումներ փորձել ենք ստանալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից:

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի շտապում պարզաբանել, թե ինչ փոփոխություններ կառաջացնի  արդեն հաստատված ժամանակացույցում ընտրությունների օրվա հնարավոր  փոփոխությունը: Առաջնորդվում ենք նրանով,   որ ընտրությունները նշանակված են ապրիլի 2-ին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

 «Քանի որ իմ որևէ դիտարկում կամ տեսակետ ընկալվում է որպես ԿԸՀ-ի դիրքորոշում, կլինեմ հնարավորինս հակիրճ: Հանձնաժողովի տեսանկյունից ՝ ապրիլի 2-ը նշանակված է ընտրությունների օր և դրա հիման վրա սահմանվել է ժամանակացույց: ԿԸՀ-ն իր գործառույթներն իրականացնում է  դրան համապատասխան:

-Այդուհանդերձ. ԿԸՀ-ում ներքին քննարկումներ եղել են, թե ինչ փոփոխություններ կառաջացնի ընտրությունների օրվա փոփոխությունը արդեն հաստատված ժամանակացույցում:

-Եթե այս պահին չկա այլ որոշում, կարծում եմ ժամանակավրեպ է տարբերակներ քննարկել: Մի բան ակնհայտ է՝ եթե ընտրության օր է փոխվում, ապա որոշակի փոփոխություններ լինում են նաև ժամկետների մեջ, քանի որ դրանցից շատերը պայմանավորված են հենց քվեարկության օրով»:

Տիգրան Մուկուչյանը հորդորում է  «եթե»- ներով չառաջնորդվել, սակայն նկատում է՝ նախագահի հայտարարության մեջ հատուկ ընդգծվեց, որ ընտրությունների օրվա փոփոխությունը հնարավոր կլինի միայն քաղաքական բոլոր դերակատարների համաձայնության դեպքում: Իսկ որպեսզի հայտնի դառնան ընտրության բոլոր մասնակիցները, անհրաժեշտ է, որ նրանք առնվազն առաջադրվեն , ապա գրանցվեն:

«Այս պահին ժամկետը, որը սահմանված է առաջադրման փաստաթղթերը ներկայացնելու համար, փետրվարի 6-ից 16-ն է, որից հետո սկսվելու է գրանցումը՝ 16-ից -26-ը: Եթե այդ ընթացքում տեղի ունենա որևէ փոփոխություն, ապա ԿԸՀ-ն էլ համապատասխան փոփոխություններ կիրականացնի»:

Եվ մի հանգամանք ևս. մայիսին սպասվում են Երևանի ավագանու ընտրություններ նույնպես:  Ստացվում է, որ երկու ընտրությունները հնարավոր է ոչ միայն  հաջորդեն, այլ, օրինակ, խորհրդարանականի երկրորդ փուլի դեպքում խիստ մոտենան իրար: ԿԸՀ նախագահն այս հարցում լուրջ խնդիր չի տեսնում, բայց և նշում է, որ ժամկետների մոտեցումը կարող է որոշ գործառույթների համընկնում առաջացնել:

Մասնագիտական շրջանակներում երկու քվեարկությունների  իրար մոտենալը լուրջ խնդիր կամ իրավական խոչընդոտ չի դիտարկվում: Եթե անգամ այդ երկու ընտրությունները  համընկնեն, օրենսդրությունը լուծումներ առաջարկում է՝ ասում է «Թրանսփերենսի ինթերնեշնլ» կազմակերպության իրավական խորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը: Նրա կարծիքով՝ կարևոր իրավական հիմքերը պահպանելն է:

«Եթե անգամ կազմակերպական հարցեր էլ կան, միևնույնն  է դրանք չեն կարող կասեցնել իրավական հիմքերը կամ իրավական այլ հիմքեր առաջացնել: Ես չեմ կարող ընդունելի համարել այն մոտեցումը, որ ճիշտ է արվել, որ ապրիլի 2-ն է նշանակվել, որ խորհրդարանական ընտրությունները չխանգարեն ավագանու ընտրություններին: Ուղղակի պետք է այդ ընտրությունների նշանակումը ճիշտ հաշվարկել:

Տիգրանյանը խնդիր տեսնում է հենց քվեարկության օրվա հաշվարկի մեջ և կարծում է, որ 4-5 օրով հետաձգումն այդ խնդիրը չի լուծում: Նույն կարծիքն ունեն նաև ընդդիմադիր ուժերից ՀԱԿ-ն ու «Համախմբումը»:

Նրանք կարծում են, որ ընտրությունների օրը հաշվարկվել ու նշանակվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների` դեռևս ուժի մեջ չմտած հոդվածով, մինչդեռ պետք է կիրառվեր 2005-ի սահմանադրական կարգավորումը, և ընտրությունները նշանակվեին ապրիլի 20-ից հետո: Այս ուժերը չեն բացառում Սահմանադրական դատարանում հարցը վիճարկելը: Վերջնական որոշում, սակայն, դեռ չունեն:

Այս նյութը դիտել են - 5977 անգամ